Կրեմլի խոսնակն ասել է, թե դադարեցվում է 2Օ1Օ թվականին կնքված պայմանագիրը, իր ստանձնած պարտավորությունները Վաշինգտոնի կողմից անտեսվելու պատճառով։ Խոսնակը հրամանագրի ստորագրումը նաեւ բացատրում է երկու երկրների միջեւ առկա լարվածությամբ։
Մոսկվայի հայտարարության համաձայն, Վաշինգտոնը չի կատարել զենքերի համար նախատեսված պլուտոնիումի ավելցուկը կիրառելու մասին իր պարտավորությունը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթընի միջեւ 2Օ1Օ-ին կնքված պայմանագիրը կողմերին կոչ էր անում ոչնչացնել 34 տոննա պլուտոնիում՝ այն միջուկային ռեակտորներում կիրառելու եղանակով։
Քլինթընն այն ժամանակ հայտարարել էր, թե պլուտոնիումի առկա պաշարները տալիս են միջուկային ավելի քան 17 հազար զենք արտադրելու հնարավորություն։ Կողմերն այս գործարքը նախկինում համարում էին միմյանց միջեւ համագործակցության խորացման արտահայտություն։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, ՝՝Ռուսաստանը գործարքն արդեն երկար ժամանակ էր կիրառում միակողմանիորեն՛՛։ Սակայն լրագրողների հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում նա ասել է, թե ՝՝հաշվի առնելով հարաբերություններում այս լարվածությունը՝ ռուսական կողմը ներկա իրավիճակի շուրունակումը անհնար է համարում՛՛։
Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին 2Օ14 թվականին, երբ Ռուսաստանն իրեն բռնակցեց Ղրիմը եւ սկսեց աջակցել արեւելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին։
Վաշինգտոնն այդ պատճառով նախաձեռնեց Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Կողմերի միջեւ հարաբերութուններն է՛լ ավելի լարվեցին, երբ Ռուսաստանն անցյալ տարի ռազմաօդանավեր տեղակայեց Սիրիայի օդային մի հենակետում՝ աջակցելու համար այս երկրի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերին։ Տարաձայնությունները շարունակեցին խորանալ վերջին շաբաթների ընթացքում, երբ Մոսկվան մեղադրեց Վաշինգտոնին՝ Սիրիայի չափավոր ընդդիմությանը ՝՝ահաբեկիչներից՛՛ չտարբերակելու մասին նախապես տրված խոստումը ոտնահարելու մեջ։