Մատչելի հղումներ

Օգնություն առաքող ավտոշարասյունը դեռեւս չի կարողանում մուտք գործել Հալեպ


ՄԱԿ-ի արտակարգ իրադրությունների հարցերով համակարգող Ստիվըն Օբրայընը երկուշաբթի օրը հայտարարել է, թե ինքը «ցավում է ու հիասթափված» այն բանի համար, որ օգնություն առաքող ավտոշարասյուները դեռեւս չեն ստացել Հալեպ մուտք գործելու հնարավորություն, քաղաք, որտեղ մոտավորապես 275 հազար մարդ ունի սննդամթերքի, ջրի ու բժշկական ծառայությունների մեծ կարիք։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Օբրայընի հրապարակած հայտարարությունը կրկնում է առաջին անհրաժեշտության պարագաների փոխադրումն այս քաղաք թույլ տալու մասին միջազգային այս կազմակերպության պահանջը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը՝ օգնության առաքումները խոչընդոտելու համար, ու ավելացրել, որ Ռուսաստանը պիտի անի ավելին, Սիրիայի նախագահի վրա ճնշումներ գործադրելու հարցում։

Հիշեցնենք, որ դեպի Հալեպ մարդասիրական օգնություն առաքելու հարցը Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կնքված հրադադարի համաձայնության կետերից մեկն էր։ Հրադադարի ընթացքի մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն Հալեպում ապստամբ ուժերի ուղղությամբ կիրակի օրն իրականացված օդային գրոհները, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից նմանատիպ գրոհը, որի արդյունքում Սիրիայի բանակի տասնյակ զինվորականներ էին սպանվել, խոսում են այն մասին, որ հրադադարը մեծապես խախտվել է։

ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մեծ ազդեցություն ունեն այս հակամարտությունում, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան աջակցում են հակառակ կողմերին։

Մոսկվան կոչ է անում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հանդիպում՝ քննարկելու համար իրականացված օդային հարձակումների պատճառները, որոնց արդյունքում, ըստ ռուսական աղբյուրների, արեւելյան Դեր ալ Զորում Սիրիայի բանակի ավելի քան 6Օ զինվորական է սպանվել։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերի խոսքերով, նման հանդիպում հրավիրելու հարցով Մոսվայի դիմումն «աճպարարություն» է։ Նրա ռուս պաշտոնակից Վիտալի Չուրկինի խոսքերով, ԱՄՆ-ը, բանակային դիրքերին հարվածելով, ոտնահարել է համաձայնությունը։

Սիրիայում արդեն հինգերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, 11 միլիոն մարդ՝ տեղահանվել՝ դառնալով աշխարհի մարդասիրական ամենամեծ ճգնաժամը։

XS
SM
MD
LG