Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը մեկնել է Ժնև՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայի շուրջ քննարկումների ևս մեկ փուլ անցկացնելու նպատակով: Սակայն Քերրիին ուղեկցող ամերիկացի դիվանագետները Սիրիայում շուտափույթ հրադադարի հաստատման ակնկալիքներ չունեն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի կարծիքով, համաձայնության գալու համար դեռևս շատ խոչընդոտներ կան:

«Մենք դեռ շատ հեռու ենք Սիրիայում հրադադարի հասնելու հնարավորությունից: Սակայն պետքարտուղար Քերրին այդ նպատակով է մեկնել և նախագահ Օբաման այդ պատճառով է որոշել այս ուղղությամբ կրկին ջանք գործադրել: Եթե չհավատայինք հնարավորությանը, չէինք շարունակի բանակցությունները»:

ԱՄՆ-ին և Ռուսաստանին չէր հաջողվում համաձայնության գալ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության և ապստամբների միջև հրադադարի հաստատման շուրջ: Թեև սա վերջին երկու շաբաթների ընթացքում Լավրովի ու Քերրիի արդեն երրորդ հանդիպումն է, այնուամենայնիվ Քերրին բավականաչափ դրականորեն էր տրամադրված մեկօրյա բանակցությունների նկատմամբ:

Հրադադարը հնարավորություն կտա մարդասիրական օգնություն հասցնել շրջափակման մեջ գտնվող տարածքներ, մի բան, ինչը Սիրիայի կառավարությունը այժմ արգելափակում է: Այս իրավիճակը օգնություն տրամադրող խմբերի վրդովմունքի պատճառ է դարձել:

Սակայն դա նաև դեպի հնարավոր խաղաղության բանակցությունների տանելու ուղի է: Սիրիայի հարցով բանակցությունների հանձնախումբը Ասադի ռեժիմից դեպի ժողովրդավարության անցնելու նախագիծ էր ներկայացրել: Սակայն Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի կողմից պատրաստված այս նախագիծը Սիրիայի կառավարության կողմից ծաղրանքի էր արժանացել:

XS
SM
MD
LG