Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները՝ աշխատավորների հետ


Միացյալ Նահանգներում տոն է. Երկրում նշում են Աշխատանքի օրը, որի ընթացքում, զարմանալիորեն գրեթե ոչ ոք չի աշխատում: Դա, սակայն, չի վերաբերում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին, ովքեր նոյեմբերի 8-ի ընտրություններից առաջ չեն կարող իրենց թույլ տալ դադարեցնել նախընտրական շրջանը:

Բանն այն է նաեւ, որ Աշխատանքի օրը համարվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի ոչ պաշտոնական սկիզբը, ու չնայած ընտրապայքարը սկսվում է ամիսներ առաջ կուսակցությունների ներսում առաջադրումներից, հենց սեպտեմբերի սկզբին նշվող Աշխատանքային օրն է նշանավորում թեկնածուների միջեւ պայքարի հիմնական փուլի սկիզբը:

Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը որոշել էր այցելել Օհայոյի Քլիվլենդ քաղաքի խորտկարաններից մեկը, որտեղ զրուցել է այնտեղ գտնվող մարդկանց հետ, պատրաստակամորեն նկարվել բոլորի հետ, որից հետո նախաճաշ է պատվիրել իր համար այդ մատչելի խորտկարանում՝ աշխատավորների հետ միասին: Օհայոն, Ֆլորիդայի, Վիրջինիայի, Փենսիլվանիայի հետ միասին այն 12 նահանգներից մեկն է, որտեղ հանրապետականների եւ դեմոկրատների ուժերը գրեթե հավասար են:

Այսպիսով, եթե Կալիֆորնիան ավանդաբար քվեարկում է դեմակրատների օգտին, իսկ Թեքսասն ավանդաբար իր ձայնը տալիս է հանրապետականներին, ապա Օհայոն հենց այն տատանվող նահանգներից է, որտեղ որոշվելու է Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի անունը:

Մինչ Թրամփն աշխատավորների հետ էր շփվում, դեմոկրատ Քլինթոնը որոշել էր անձամբ շնորհավորել իր նախընտրական արշավը լուսաբանող լրագրողներին: Օդանավում լրագրողներից Քլինթոնը հետաքրքրվել է, թե պատրաստ են նրանք սպասվող ՝՝խենթ՛՛ նախընտրական պայքարին՝ հավաստիացնելով, որ անձամբ ինքը դրան պատրաստ է:

Քլինթոնների ուշադրությունից դուրս չէին մնացել նաեւ աշխատավորները: Այն ժամանակ, երբ Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ինքնաթիռում լրագրողների հետ էր զրուցում, Բիլ Քլինթոնը մասնակցում էր մեկ այլ տատանվող նահանգում, Միչիգանի Դեթրոյթ քաղաքում անցնող տոնական շքերթին:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի աջակիցների թիվն ավելացել է եւ կազմում է 46 տոկոս, մինչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփին աջակցում է ամերիկացիների 42 տոկոսը:

XS
SM
MD
LG