Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները կենտրոնանում են ոստիկանության ու ժողովրդի միջեւ առկա լարավածության վրա


ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ Հիլարի Քլինթընը եւ Դոնալդ Թրամփը խոստանում են ընտրվելու դեպքում հարթել սեւամորթ ամերիկացիների ու ոստիկանության միջեւ առաջ եկած լարվածությունը։

ԱՄՆ-ում վերջին տարիներին սեւամորթ ամերիկացիների ու ոստիկանության միջեւ առկա է լուրջ լարվածություն։ Պատճառը ոստիկանների կողմից սեւամորթ մի քանի անձանց սպանության փաստն է։ Այս լարվածությունը մեղմելու խոստումներով են այսօր հանդես գալիս Թրամփն ու Քլինթընը։

«Ուզում եմ այս առիթն օգտագործել՝ երախտիքի խոսքերս ասելու համար ոստիկանությանը եւ իրավապահ մարմինների մյուս աշխատակիցներին, ովքեր այնքան մեծ ներդրում են ունեցել մեր դժվար ժամանակներում», հայտարարել է Թրամփը, ելույթ ունենալով Հյուսիսային Քարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում անցկացված հավաքի ժամանակ։

Իր ելույթի ընթացքում Թրամփը դեմոկրատներին ու մասնավորապես Քլինթընին մեղադրել է ԱՄՆ-ի անվտանգության, տնտեսության, առողջապահության բնագավառներում, իր խոսքերով, «ցավալի» իրավիճակի համար՝ Քլինթընին նորից անվանելով «ստախոս»։

«Եթե ընտրվեմ նախագահ, այս քաոսը ու բռնությունները կավարտվեն, ու կավարտվեն շատ ու շատ արագ», հայտարարել է Թրամփը։

Թրամփի ընտրարշավի նոր ղեկավարները՝ Քելիան Քոնուեյը եւ Ստիվըն Բեննոնը Թրամփին, ըստ երեւույթին, խորհուրդ են տվել լինել ավելի իրատեսական ու հենել իր խոսքը փաստացի տվյալների վրա։

Թրամփը վերջերս իրականացրեց փոփոխություններ իր անձնակազմում, երբ սկսեց անկում ապրել նրա վարկանիշը։ Նա շարունակ ասում էր, թե չի ուզում ստիպված շարժվել այնպես, ինչպես սովորաբար շարժվում են քաղաքական գործիչները։

«Ես ես եմ։ Ես այսպիսին եմ»։

Քլինթընն ասում է, թե Թրամփի թիմի նոր ղեկավարները, ինչ էլ լինի, չպիտի կարողանան փոխել Թրամփին։

«Նա կարող է ընդունել ու ազատել պաշտոններից ում ուզում է։ Նրանք կարող են նրան տալ տեքստեր, որ նա կարդա իր ելույթների ժամանակ, սակայն նա կմնա նույն մարդը»։

Քլինթընի ընտրարշավը նույնպես այս օրերին կենտրոնանում է իրավապահ մարմինների հետ առաջ եկած լարվածության վրա։ Նյու Յորքում անցկացրած հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա էին երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Քլինթընը շեշտել է ոստիկանության եւ բնակչության միջեւ կամուրջներ կառուցելու կարեւորությունը։

« Դալասից մինչեւ Բեյթոն Ռուժ, մինչեւ Միլուոքի ու մինչեւ երկրի այլ հատվածներ վերջին իրադարձությունները հստակ կերպով նշում են, թե որքան դժվար ու որքան կարեւոր է այն աշխատանքը, որը պիտի կատարվի՝ բուժելու համար վերքերը ու վերահաստատելու համար ոստիկանության ու տարբեր համայնքների միջեւ հարգանքը», ասել է Քլինթընը։

Քլինթընը Թրամփի նման շեշտում է օրենքի նկատմամբ հարգանքի կարեւորությունը, սակայն ի տարբերություն Թրամփի, նրա խոսքերով, դրա համար պահանջվելու է երկար ժամանակ ու մեծ ջանք։

XS
SM
MD
LG