Մատչելի հղումներ

Աշխատավոր ամերիկացիները կոչ են անում Քլինթոնին ու Թրամփին հիշել իրենց մասին


ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի 100-ամյա պատմություն ունեցող Սքրանթոնի ժանյակի այս գործարանում երկար տարիներ աշխատում էր ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի պապը:

Այսօր սակայն գործարանը փակ է՝ արտադրական հզորությունները տեղափոխվել են արտերկիր, իսկ տեղի բնակիչները գործազուրկ են: Սքրանթոնի բնակիչ Մարտի Քոարը դեռ հիշում է ժամանակները, երբ քաղաքը խոշոր արտադրությունների կենտրոն էր.

«Տասը մղոն շառավղով ես ձեզ կարող էի այն ժամանակ տասը աշխատող գործարան ցույց տալ: Ես այն ժամանակ բեռնատարի վարորդ էի»:

Այսօր արդյունաբերական ձեռնարկությունները տեղափոխվում են արտերկիր, Միացյալ Նահանգներում թողնելով միայն բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ձեռնարկությունները: Արդյունքում, միջին կրթություն ունեցող բազմաթիվ ամերիկացիներ ստիպված են լինում կամ փոխել մասնագիտությունը, գործազուրկ մնալ, կամ էլ՝ սպասարկման ոլորտում աշխատանք փնտրել: Ավանդաբար դեմոկրատների օգտին քվեարկող այս քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում աջակցելով հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին, պատմում է վերլուծաբան Քրիսթոֆեր Բորիքը: Նրա խոսքով, երբ խոսքը Սքրանթոնին է վերաբերում, Քլինթոնը հավանաբար հաղթանակ կտանի, հաշվի առնելով, որ ծագումով այդտեղից է, սակայն, հիմնականում միջին կրթություն ունեցող սպիտակամորթ ամերիկացիներով բնակեցված հազարավոր մյուս նմանատիպ փոքր քաղաքներում Թրամփի հաղթանակի հնարավորություններն ավելանում են:

Մարտի Քոարի որդին՝ Մարտի Քոար կրտսերը հենց այդ քաղաքացիներից մեկն է: Աշխատանք չգտնելով արդյունաբերության ոլորտում՝ նա պիցերիա է հիմնադրել, որի շնորհիվ վերջերս հայտնի դարձավ նրա՝ «Տիկին Նախագահ» կծու սոուսով համեմված նոր պիցայով: Մարտի Քոար կրտսերն աջակցում է Քլինթոնին, սակայն հիշեցնում, որ քաղաքական գործիչներին անհրաժեշտ է ավելի շատ մտածել իրենց քաղաքացիների մասին.

«Հոգ տարեք աշխատավոր մարդկանց մասին, չէ որ հենց մենք ենք, որ կարող ենք Ամերիկան հզոր դարձնել: Երկիրը հզոր է ոչ թե Թրամփով կամ Հիլարիով, այլ՝ իր քաղաքացիներով»

XS
SM
MD
LG