Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքի սրտում ծածանվող հայկական դրոշն ու հպարտ վեր սլացող այբուբենը տեղի հայ համայնքի համախմբված ջանքերի արդյունքն է, պատմում է Հայկական մշակութային պուրակի պատասխանատու Քեվան Ասադուրյանը.

«Մշակութային պուրակը մեր պատմությունը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն է: Բոլորը չէ, որ տեղեկացված են Հայաստանի մասին, շատերը տեղյակ չեն մեր պատմության մասին»:

9 տարի առաջ Քլիվլենդի մշակութային զբոսայգում հիմնադրված հայկական պուրակը թույլ է տալիս տեղի հայ համայնքին միջոցառումներ կազմակերպել՝ ծանոթացնելով Քլիվլենդի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հայոց պատմության հերոսական եւ ծանր էջերին:

«Հայկական պուրակն այսպիսով մի հարթակ է, որի վրա մենք քննարկումներ ենք կազմակերպում Հայոց ցեղասպանության, մեր պատմության եւ ազգի մասին», - ասում է Քեվան Ասադուրյանը:

Ճարտարապետ Պերճ Շաքարյանի կողմից գծագրված պուրակի առաջնային մասում հայկական այբուբենն է, հետեւում՝ հայ ազգի հերոսները՝ Տիգրան Մեծից մինչեւ Իսահակյան եւ Չարենց.

«Այստեղ պատկերված են ազգի լավագույն զավակների անունները, մարդիկ, ում ներդրումը կերտել է մեր ազգի մշակութային եւ պատմական կերպարը»:

Քեվան Ասադուրյանի խոսքով, պուրակը շատերին է գրավում իր պարզ գեղեցկությամբ, որը սակայն հազարամյակների պատմություն է ներկայացնում.

«Մարդիկ անցնելիս հաճախ կանգ են առնում, հարցեր տալիս: Հայաստանը չափազանց փոքր երկիր է, մարդիկ կան, որոնք մեր մասին չեն էլ լսել, այնպես որ, երբ նրանք կանգ են առնում, մենք պատմում ենք մեր հարուստ մշակույթի ու պատմության մասին, Հայոց ցեղասպանության մասին»:

Մշակութային պուրակում անցորդները կարող են ոչ միայն ծանոթանալ Հայաստանի պատմությանն այլեւ տոնական օրերին հայկական ավանդական ուտեստներ ճաշակել եւ հայկական պարեր պարել սովորել:

Ի դեպ, Հայաստանը գտնվում է Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարեւանությամբ ոչ միայն Հարավային Կովկասում այլեւ՝ Քլիվլենդում.

«Ինչպես Ադրբեջանը հենց մեր կողքին է աշխարհագրական դիրքով, այդպես էլ այստեղ պատահաբար նրանց պուրակը հենց մեր պուրակի կողքին է: Դիմացի մայթին հիմնադրվել եւ կառուցվելու է ռուսական մշակութային պուրակը, իսկ հետեւի մասում գտնվում է թուրքական պուրակը: Ակամա, այս ազգերը հարեւան դարձան նաեւ Քլիվլենդում»:

Հայկական պուրակի մյուս կողմում գտնվում է ալբանական պուրակը, որի խորհրդանիշն է Մայր Թերեզայի արձանը: Սակայն, տեղի հայերի համոզմամբ, նա նույնպես հայ էր եւ ուստի նաեւ՝ հայ ազգի հպարտությունը:

XS
SM
MD
LG