Երբ ՝՝Վիքիլիքս՛՛ կայքն անցյալ ամիս հրապարակեց ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակացության ազգային հանձնաժողովի էլեկտրոնային նամակները, որոնք ձեռք էին բերվել օտար երկրների հաքերների կողմից, իրարանցում առաջ բերեց կուսակցության շարքերում՝ ստիպելով հանձնաժողովի նախագահ Դեբի Վասերման Շուլցին ներկայացնել հրաժարական։
Օտար հաքերների կողմից կուսակցության համակարգչային ցանց մտնելու փաստը խոսում է այն մասին, որ նրանք այս եղանակով կարող են փորձել հասնել նաեւ քաղաքական նպատակների։
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Ֆորնոյի խոսքերով.
՝՝Այսօր, երբ փորձում ենք էլեկտրոնային քվեարկության միջոցով քվեարկելու ավելի լայն հնարավորություն տալ մարդկանց ամենուր, նաեւ կանգնում ենք մի մեծ խնդրի՝ ընտրություններին դրսից միջամտելու վտանգի առջեւ՛՛։
ԱՄՆ-ում նախագահական այս տարվա ընտրությունների ժամանակ երկրի նահանգների մեծամասնությունը կիրառելու է քվեարկության էլեկտրոնային սարքեր։ Սակայն Նյու Յորքի համալսարանի կողմից 2Օ15 թվականին անցկացված ուսումնասիրության համաձայն, նահանգներից 43-ում կիրառվում են մեկ տասնամյակ առաջ արտադրված սարքեր։ Արդյո՞ք այս հին սարքերը նույնպես կարող են ենթարկվել կիբերհարձակման, թե՞ միայն ավելի նոր սարքերն են ավելի խոցելի։
Լաս Վեգասում թարգմանաբար ՝՝Սեւ գլխարկ՛՛ անվանումը կրող կիբերանվտանգության հարցերով ամենամյա վեհաժողովի մասնակիցներից Թոնի Գիդուանին ՝՝Սկայպ՛՛-ի միջոցով ասում է, թե այդպիսի հարձակման նախադեպ եղել է։
՝՝Մենք դրա ականատեսը եղանք Ուկրաինայում 2Օ14 թվականին, երբ ընտրություններից երեք օր առաջ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ենթարկվեց զանգվածային կիբեր-հարձակման, ինչը հարցականի տակ դրեց քվեարկությունը ժամանակին անցկացնելու հնարավորությունը։ Դրանից հետո, արդյունքների հրապարակումից քիչ առաջ համակարգչային մանրէ հայտնվեց, ինչի պատճառով համակարգիչները ներկայացրին լիովին հակառակ արդյունք՛՛։
Ասենք, որ ԱՄՆ-ում քվեարկության որոշ սարքեր իրենց արդյունքը ներկայացնում են նաեւ թղթի վրա, ինչը թույլ է տալիս որեւէ խնդրի դեպքում կատարել վերահաշվարկ։
Բայց դա էլ լիակատար լուծում չէ, եթե կիբերանվտանգության հարցերով փորձագետներն ու հաստատությունները չկարողանան երկրի ենթակառույցները ժամանակին պաշտպանել հաքերներից ոչ միայն տվյալ պահին՝ հարձակումից հետո, այլ նաեւ, եթե չկարողանան ապահովել երկարաժամկետ անվտանգությունը։