«Մեկի համար, ով Սփյուռքում է ապրում, իր համար միշտ երազանք է, որ մի երկիր կա, որ քո մայրենի լեզուն է խոսում», - պատմում է աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ, բժիշկ եւ բարերար Րաֆֆի Ավիտսյանը:
Նրանց օգնությունը փրկում է կյանքեր եւ օգնում վիրավորին հիվանդանոց հասցնել: Համաշխարհային բժշկության գլխավոր քաղաքներից մեկի՝ Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքի հայ համայնքը Հայաստանի բժիշկներին օգնում է ձեռք բերել բժշկական սարքավորումներ եւ ամենակարեւորը՝ գիտելիքներ:
Աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ Րաֆֆի Ավիտսյանի խոսքով, եթե նախկինում ուղարկում էին բժշկական սարքավորումներ, ապա Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ առաջին հերթին վերքերը բուժելու պիտույքների կարիք կա.
«Վերքերը բուժելու նոր ձեւեր կան, որ ավելի են արագացնում վերքի կազդուրումը»:
Օգնությունը Հայաստան է ուղարկվելու Նյու Յորքից: Բժիշկ Ավիտսյանի խոսքով, Քլեվլենդում աշխատող մեկ այլ հայ բժիշկ Սկայպով հայաստանցի գործընկերներին ներկայացրել է նաեւ վերքերը բուժելու պլաստիկ վիրաբուժության նորագույն մոտեցումները: Ինքը Րաֆֆի Ավիտսյանը դասախոսություններով բազմիցս է անձամբ այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Նրա աջակցությամբ նաեւ Հայաստանի բժիշկները հնարավորություն են ստանում ուսուցանել Cleveland Clinic ցանցի հիվանդանոցներում.
«Ես եթե մի տեղ պիտի օգտակար լինեմ, ինչու հարազատներիս օգտակար չլինեմ»:
Ամերիկահայ գործարար Սերոբ Դեմիրճյանը, ում պատկանող ընկերության օգնությամբ բժշկական սարքավորումները ԱՄՆ-ից Հայաստան են հասնում, նշում է, որ Հայաստանը կարիքն ունի յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա գտնվի.
«Ամենքս էլ կարեւոր ենք մեր ազգի համար. Մեկը՝ նյութական ձեւով, մեկը՝ աշխատանքի ձեւով, մեկ այլն իր տաղանդով՝ երգեցողությամբ, նվագով, ամեն ձեւով կարող ենք օգտակար լինել»: