Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Հայաստանում լրագրողների դեմ կիրառված բռնություններով


ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչն անհանգստություն է հայտնել Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների շուրջ:

Համաձայն հայտարարության, Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչին հավաստիացրել է, որ այսուհետ «քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում լրագրողների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված են լինելու»:

Ավելի վաղ Դունյա Միատովիչը նամակ էր գրել Հայաստանի արտգործնախարարին, նշելով, որ երկրի իշխանությունները «պետք է գործնական քայլեր ձեռնարկեն։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից պետք էզսպվածություն ցուցաբերվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Այդ քայլերը պետք է իրականացվեն իշխանությունների կողմից, որպես երաշխիք, որ լրագրողները ոստիկանների կամ ավազակների թիրախ չեն դառնալու: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»:

ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչն իր հայտարարության մեջ հիշեցնում է, որ ըստ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր լուսաբանել են Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը, ենթարկվել են հարձակման, ծեծվել են, իսկ նրանց սարքավորումները վնասվել են: «Որոշ դեպքերում հարձակվողները կրել են ոստիկանների համազգեստ, այլ դեպքերում՝ ոչ», - նշել է Միյատովիչը:

Հայտարարությունում նշված են տուժած լրագրողների և օպերատորների անունները.

Աղվան Ասոյան եւ Ալբերտ Գալստյան («Արմենիա» հեռուստաընկերություն),

Մարիամ Գրիգորյան ու Դավիթ Հարությունյան (1ին լրատվական),

Կառլեն Ասլանյան, Հովհաննես Մովսիսյան, եւ Գարիկ Հարությունյան («Ազատություն»),

Ռոբերտ Անանյան եւ Տիգրան Բադալյան (Ա1plus հեռուստաընկերություն),

Մարութ Վանյան (Lragir.am),

Սարգիս Խարազյան եւՄկրտիչ Կարապետյան (CivilNet),

Հովիկ Գրիգորյան (Panorama.am),

Տիգրան Գասպարյան (Life.ru):

Միատովիչը նամակում նշել է նաեւ, որ հուլիսի 21-ի բախումների ընթացքում տուժել են լրագրողներ Գեւորգ Թոսունյանը, Արտակ Համբարձումյանը, Արթուր Հայրապետյանը եւ Թեհմինե Ենոքյանը:

XS
SM
MD
LG