Մատչելի հղումներ

Քլինթոնի ու Թրամփի նոր անսպասելի աջակիցները


Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության ներսում նախագահական թեկնածուի կոչման պայքարն ավարտին մոտեցավ: Հիլարի Քլինթոնի մրցակից սենատոր Բերնի Սանդերսը պաշտոնապես աջակցել է Քլինթոնին.

«Նա լինելու է նախագահության դեմոկրատական կուսակցության թեկնածուն եւ ես պատրաստ եմ բոլոր հնարավոր ջանքերը գործադրել, որպեսզի համոզված լինեմ, որ նա է դառնալու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»:

Վերլուծաբանների կարծիքով սոցիալիստական հայացքների հարող Սանդերսի աջակցությունը կարող է մեծ օգուտ բերել Հիլարի Քլինթոնին, ում ընտրողներից շատերը ընկալում են որպես ամերիկյան վերնախավի ներկայացուցիչը:

«Ես այստեղ եմ միանշանակ հայտնելու, թե ինչու եմ աջակցում Հիլարի Քլինթոնին եւ ինչու նա պետք է դառնա մեր հաջորդ նախագահը», - ասել է Սանդերսը:

Այսպիսով, Հիլարի Քլինթոնի շուրջ միավորվել են Դեմոկրատական կուսակցության հիմնական ուժերն՝ ի դեմս Քլինթոնի նախորդ մրցակից նախագահ Բարաք Օբամայի եւ ներկա մրցակից սենատոր Բերնի Սանդերսի:

Իսկ մինչ այդ հանրապետականները սուր քննադատության էին արժանացրել Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լորետա Լինչին, ով Հիլարի Քլինթոնի դեմ պաշտոնական էլեկտրոնային նամակագրության օրենքները խախտելու համար քրեական գործ չէր հարուցել եւ ով երկու շաբաթ առաջ Ֆենիկսում կարճ առանձնազրույց էր ունեցել Բիլլ Քլինթոնի հետ:

«Նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը փոխանցել էր, որ ցանկանում է բարեւել ինձ եւ ես համաձայնել էի ընդունել բարեւը: Մեր զրույցի ընթացքում էլեկտրոնային նամակագրության հետաքննությանը վերաբերող որեւէ հարց կամ որեւէ այլ գործ չի քննարկվել», - ասել է Լինչը:

Մինչ հանրապետականները պայքարում են Քլինթոնի դեմ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սեփական խնդիրներն ունի: Երեքշաբթի Wall Street Journal թերթը հրապարակել էր 2004-2008 թվականների Թրամփի հայտարարությունների քաղվածքները: Մասնավորապես, Թրամփն ասել էր, որ Սաուդյան Արաբիան, որտեղ տղամարդիկ կարող են ամուսնալուծվել միակողմանի, բավականին լավ տեղ է ամուսնալուծվելու համար: Հիլարի Քլինթոնի մասին Թրամփն այն տարիներին ասել էր, որ Քլինթոնը կլիներ լավ նախագահ եւ փոխնախագահ:

Դոնալդ Թրամփը մինչ այդ զբաղված է փոխնախագահի ընտրությամբ, որի հետ էլ նրանք օգոստոսից սկսելու են ընտրապայքարը: Վերլուծաբանների խոսքով, ամենահավանական թեկնածուներն են Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար Նեթ Գինգրիչը, Նյու Ջրզիի նահանգապետ Քրիս Քրիսթին, նախկին գեներալ Մայքլ ՖԼինը կամ Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը:

Պաշտոնապես Քլինթոնն ու Թրամփն իրենց կուսակցությունների կողմից որպես նախագահի թեկնածուներ կառաջադրվեն հուլիսի վերջում կայանալիք կուսակցությունների համագումարներին:

XS
SM
MD
LG