Մատչելի հղումներ

Դալասի ոստիկանության տվյալներով՝ խաղաղ ցույցի ժամանակ ծրագրված հարձակման ընթացքում դիպուկահարների կողմից հինգ ոստիկանների սպանությունից ժամեր անց երեք կասկածյալ է ձերբակալվել, իսկ չորրորդը՝ մահացել

Հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Լուիզիանա և Մինեսոթա նահանգներում սպիտակամորթ ոստիկանների կողմից երկու սևամորթ տղամարդկանց սպանության դեմ բողոքի ցույցի ժամանակ։

Քաղաքային և իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում կասկածյալների մասին տեղեկություններ հայտնելուց, սակայն ուրբաթ առավոտյան կայացած մամլո ասուլիսին Դալասի ոստիկանապետ Դեյվիդ Բրաունը հայտարարել է, որ կասկածյալներից մեկը, ով հետագայում սպանվել է ոստիկանության գործողությունների արդյունքում, հայտնել է բանակցող ոստիկանին, որ "նա ցանկանում էր սպանել սպիտակամորթ մարդկանց, հատկապես՝ սպիտակամորթ ոստիկանների"։

Կասկածյալը, որի անունը չի հրապարակվում, նշել է նաև, որ "վշտացած" էր ոստիկանության վերջին հրաձգություններից և որ նա որևէ խմբավորման չի պատկանում, լրագրողներին հայտնել է Բրաունը։

Ոստիկանապետի խոսքերով՝ տղամարդը սպանվել է ռոբոտային ռումբի միջոցով ոստիկանության հետ բանակցությունների խափանումից հետո։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել է "արատավոր, հաշվարկված և ստոր հարձակում" ոստիկանների վրա, ովքեր կատարում էին իրենց աշխատանքը։ Խոսելով Վարշավայից, որտեղ նա մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Օբաման նշել է, որ ոստիկանության աշխատանքը արտակարգ դժվարին և վտանգավոր է, և այս կրակոցները դրա վառ ապացույցն են։

Դալասի ոստիկանապետ Դեյվիդ Բրաունը հայտնել է, որ կասկածյալները հարձակման որևէ դրդապատճառ չեն նշել։ Նա նաև ասել է, որ կալանավորվածներից մեկը կին է։ Հարցաքննվող մյուս երկու կասկածյալներին տեսել են քողարկաներկված պայուսակներով, ինչը դարձել է նրանց հետապնդման պատճառ։

Քաղաքի կենտրոնի զգալի մասը մնում է փակված, քանի որ ոստիկանությունը լիովին վստահ չէ, որ բոլոր կասկածյալները ձերբակալվել են։

Դալասի քաղաքապետ Մայք Րոուլինգսը հորդորել է կենտրոնում աշխատող մարդկանց տանը մնալ անվտանգության նկատառումներով։

Հինգշաբթի երեկոյան կայացած խաղաղ ցույցին մասնակցում էր շուրջ 1,000 մարդ, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում Մինեսոթայում և Լուիզիանայում այս շաբաթ տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ։ Երկու միջադեպերն էլ տեսանկարահանվել են՝ հանգեցնելով բողոքի ցույցերի Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում։ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ հետևում է սպանությունների գործով հետաքննությանը։

Սևամորթ տղամարդկանց սպանությունները համալրում են ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունների շարքը, որոնք հանրության կողմից ընկալվում են որպես փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման օրինակներ։

XS
SM
MD
LG