«Ազատություն» ռադիոկայան
ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը մոտ ժամանակներս կազմակերպելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա նշել է նաեւ, որ նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։
Ավելի վաղ, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Փարիզում անցկացված հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել էր. - «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, եւ մենք դեմ չենք»։
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարության համաձայն, Հայաստանը բարձր է գնահատում ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը: «Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ համաձայնեցման փուլում ֆրանսիական կողմի առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը», - ասել է Քոչարյանը։