Մատչելի հղումներ

Նոր մանրամասներ` Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության մասին


Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը կրկին անգամ ապացուցել է, որ օդանավակայաններն ու փոխադրամիջոցները դարձել են ծայրահեղականների հիմնական թիրախը, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները.

«Ծայրահեղականները թիրախավորել են օդանավակայաններն ու տրանսպորտային հիմնական հանգույցները Եվրոպայով մեկ, այնպես որ տրանսպորտային համակարգն ամենից խոցելի թիրախն է»:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ նմանատիպ ահաբեկչությունները կրկին անգամ ապացուցում են ահաբեկչության դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը եւ որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ հաշտեցում քարոզող բոլոր ուժերին:

Այսօր արդեն Թուրքիան փորձում է վերականգնվել ահաբեկչությունից հետո, որում սպանվել էր 41 եւ վիրավորվել՝ 200 ավելի անմեղ քաղաքացի: Ստամբուլի օդանավակայանը վերսկսում է թռիչքները, իսկ իշխանությունները՝ահաբեկչության հետաքննությունը: Իրավապահների խոսքով, ահաբեկիչներն օդանավակայան էին ժամանել տաքսիով եւ կրակ բացել անցորդների վրա, իսկ երբ մոտեցել էր ոստիկանությունը, վերջիններս իրենք իրեն պայթեցրել էին:

Ահաբեկչության կապակցությամբ հայտարարություն է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

«Հարգելի եղբայրներ եւ քույրեր, Ստամբուլում տեղի է ունեցել սարսափելի ահաբեկչություն, որի ընթացքում սպանվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Մենք աղոթում ենք զոհերի եւ սիրելի թուրք ժողովրդի համար: Մաղթում եմ, որ Աստված մեզ դեպի խաղաղություն տանի» , - ասել է Հռոմի պապը:

Վկաների խոսքով, ահաբեկված մարդիկ առաջին կրակոցները լսելով գետնին էին տապալվել, որից մի քանի րոպե անց միայն փորձել փախուստի դիմել: Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են «Դաեշ»-ի զինյալները:

Ահաբեկչությունն անդրադարձել է նաեւ Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների վրա, որոնց թիվը փոքր-ինչ նվազել է Ստամբուլի փողոցներում: Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների մի մասը համոզված է, որ նույն վտանգներն իրենց սպառնում են հայրենիքում.

«Ինձ այս ահաբեկչությունը չի վախեցնում: Աշխարհում անվտանգ տեղ այլեւս չկա: Ես սիրում եմ ճանապարհորդել, նոր վայրեր այցելել եւ ահաբեկիչներն ինձ չեն վախեցնի», - ասում է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկ Էմի Լին:

Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ ահաբեկիչները երեքն էին: Նրանցից մեկն իրեն պայթեցրել է օդանավակայանի մուտքի մոտ, թույլ տալով մյուս երկուսին խուճապի ընթացքում անխափան մուտք գործել օդանավակայանի շենք եւ իրենց պայթեցրել ներսում:

XS
SM
MD
LG