Մատչելի հղումներ

Թուրքիան ներողություն է խնդրում Ռուսաստանից


Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն Իսրայելի ու Ռուսաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուս իր պաշտոնակցից՝ նոյեմբեր ամսին ռուսական ռազմաօդանավի կործանման պատճառով օդաչուի մահվան համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը, հանդես գալով մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, թե ՝՝Թուրքիայի պետության ղեկարավարն իր խորը հուզմունքն է արտահայտել ու ցավակցություն հայտնել զոհված ռուս զինվորականի ընտանիքին, ու ասել ներողություն՛՛։

Կրեմլի ինտերնետային էջում գրված հոդվածի համաձայն, Էրդողանն ասել է. ՝՝Մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանին պատկանող որեւէ օդանավ դիտավորյալ կերպով կործանելու մտադրություն։ Թուրքական կողմը, դիմակայելով ամեն մի վտանգ, ջանք չի խնայել ռուս օդաչուի մարմինը Սիրիայի ընդդիմադիր ուժերից հետ վերցնելու համար՛՛։

Էրդողանի այս նամակի մասին լուրը հաստատել են նաեւ թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ թերթը եւ Թուրքիայի նախագահական պալատի մամլո ծառայությունը։

Նամակում ասված է նաեւ, թե Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է ու ռազմավարական գործընկերը, որի հետ Թուրքիայի իշխանությունները չէին ցանկանա խզել հարաբերությունները։ ՝՝Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ հարթել տարածաշրջանում առկա ճգնաժամը ու պայքարել ընդդեմ ահաբեկչության՛՛։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին ծրագրում է մեկնել Սոչի՝ մասնակցելու տարածաշրջանային մի գագաթաժողովի, որտեղ հանդիպում է ունենալու ռուս իր պաշտոնակցի հետ։ Տասնմեկ երկրների մասնակցությամբ անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու մասին, սակայն, Թուրքիայի արտգործնախարարությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել։

Էրդողանի նամակին նախորդել էին Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի բարյացակամության մի քանի դրսեւորումներ՝ փորձելով շտկել երկկողմ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից սկսված պատժամիջոցների արդյունքում մեծապես տուժել են առեւտուրն ու զբոսաշրջությունը։

Թուրքիայի հարաբերությունները վերջին վեց տարիների ընթացքում չափազանց լարվել էին նաեւ նրա վաղեմի դաշնակից Իսրայելի հետ։ Այս երկրի հետ կնքված նոր գործարքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու հեռանկարներին ու հույս հայտնել, որ ՝՝ամեն ինչ կգնա ցանկալի հունով՛՛։

Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու նպատակով Էրդողանն ու Յիլդիրիմը շնորհավորական նամակներ են հղել իրենց պաշտոնակիցներ Պուտինին ու Մեդվեդեւին՝ շնորհավորելով նրանց հունիսի 12-ի Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ։

Ռուսաստանի կողմից արդեն կա առաջին արձագանքը։ Այս երկրի կառավարությունը նորից աշխատանքային վիզաներ է տրամադրում Ռուսաստանում աշխատելու ցանկություն ունեցող թուրքերին։ Ռուսաստանը պարբերաբար կրկնել է, որ թուրքական ընկերություններին թույլ չի տա վարձել Ռուսաստանում աշխատելու նպատակ ունեցող թուրքերի, քանի դեռ Անկարան պաշտոնապես ներողություն չի խնդրել ռազմաօդանավի կործանման համար ու չի տրամադրել փոխհատուցում՝ սպանված ռուս զինծառայողների սպանության դիմաց։

XS
SM
MD
LG