Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը տարակարծիք է զենքի վաճառքի հարցում


Ֆլորիդայի գիշերային ակումբի հրաձգությունից հետո Միացյալ Նահանգներում կրկին բորբոքվել են զենքի վաճառքի շուրջ քննարկումները։ Վերջերս սենատորներին չհաջողվեց ընդունել հրազենային զենքի ձեռքբերման վերահսկմանը ուղղված չորս օրինագծեր։

Ներկայացուցիչների պալատի անդամները նույնպես լծվել են զենքի վաճառքի օրենսդրական կարգավորման գործին։

Ամերիկյան հանրային առողջապահության ընկերակցության գործադիր տնօրեն Ջորջես Բենջամինի կարծիքով՝ առաջադրանքը անլուծելի չէ: Սակայն, քաղաքական նկատառումներով չի արվում այն, ինչ կարվեր, եթե, օրինակ, ամեն օր ավիավթարներ լինեին։

ԱՄՆ-ում յուրաքանչյուր ավիավթար մանրազնին հետաքննվում է։ Սակայն այստեղ տարեկան 33,000 մարդ զենքի կիրառման զոհ է դառնում, որոնցից երկու երրորդը ինքնասպանություններ են, մնացածը՝ սպանության զոհեր։ Սակայն զենքի կիրառման ոլորտը ավելի անվտանգ դարձնելուն ուղղված որևէ դաշնային հետազոտություն չի իրականացվում։ Ընդամենը Հիվանդությունների վերահսկման գործակալությունը արձանագրում է մահվան պատճառը։

Գործակալությունը ֆինանսավորում է միայն վնասվածքների կանխարգելմանը ուղղված ուսումնասիրությունները, այլ ոչ՝ հրազենային բռնության, ասում է Ջոնս Հոփքինզի կենտրոնի Հրազենային քաղաքականության և հետազոտությունների գծով մասնագետ Շանոն Ֆրաթարոլին։

1990-ականների վերջին Ազգային հրաձգային ընկերակցության կողմից Հիվանդությունների վերահսկման գործակալությանը կողմնակալ ուսումնասիրություն իրականացնելու մեջ մեղադրելուց հետո Կոնգրեսը կտրել է գործակալության բյուջեն հրազենային հետազոտությունների մասով։

Հետազոտողների պնդմամբ՝ Կոնգրեսը հրազենային բռնությունը չի դիտարկում որպես հանրային առողջապահության կարևոր խնդիր։ Թեև զանգվածային հրաձգությունները լայնորեն լուսաբանվում են, իրականում դրանք արտացոլում են հրաձգության զոհերի միայն մի մասը։ 2015 թվականին Միացյալ Նահանգներում զանգվածային հրաձգության 372 դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով 475 մարդ է զոհվել և վիրավորվել՝ 1,870-ը։

Այդուհանդերձ, զանգվածային հրաձգություններից հետո կտրուկ աճում է զենքի վաճառքը։ Հրազեն վաճառող խանութների սեփականատերերի խոսքերով՝ յուրաքանչյուր զանգվածային հրաձգությունից հետո մարդիկ վախենում են, որ զենքի վաճառքը կարգելվի։ Մարդկանց մեծ մասը նաև զենք է գնում անձնական պաշտպանության համար։

Բենջամինի խոսքերով՝ տանը հրազեն պահելը վտանգի է ենթարկում բոլոր անդամներին։ Պարզվում է, որ հրազենային վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում հրազենի տիրոջ կամ նրա շրջապատից որևէ մեկի մասնակցությամբ։ Զինված չարագործների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը շատ ավելի փոքր է, քան մարդիկ կարծում են։

Փորձագետների կարծիքով՝ անվտանգությունը ապահովելու համար հրազենային բռնությունների և հրազեն պահելու վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

XS
SM
MD
LG