Մատչելի հղումներ

Օբաման՝ շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ


Իր մշտադալար անտառներով, ջրվեժներով, հովիտներով և բազմազան կենդանական աշխարհով հայտնի Յոսեմիթի պարկը տարեկան հյուրընկալում է շուրջ չորս միլիոն այցելու։ Նախագահ Օբաման, ընդհատելով հանգստյան օրերի իր ընտանեկան ուղևորությունը, զգուշացրել է, որ կլիմայի փոփոխությունը զուտ սպառնալիք չէ, այլ՝ իրողություն.

«Տեղի անտառապահների հետ զրույցներից պարզ դարձավ, որ Յոսեմիթիում մարգագետինները չորանում են, թռչունները, ալպիական փոքր կաթնասունները բարձր ջերմաստիճանների պատճառով ստիպված են տեղաշարժվել դեպի հյուսիս։ Յոսեմիթիի երբեմնի հսկա սառցադաշտը գրեթե վերացել է»։

Օբամային հաջողվել է ավելի քան 100 միլիոն հեկտար հողային և ջրային տարածք զերծ պահել մշակումից, ինչպես նաև ածխածնի աղտոտվածության պետական չափանիշներ սահմանել էլեկտրակայանների համար։ Սակայն հաջորդ տասնամյակում արտանետումները 2005 թվականի մակարդակից 30%-ով կրճատելու նրա ծրագիրը դիմադրության է հանդիպել: Մտահոգված են ածխի արդյունահանումից կախված նահանգները, ինչպես օրինակ՝ Քենթաքին է, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությանը առնչվող ընկերությունները։

«Մենք պարզապես կսկսենք արտաքին շուկաների հետ աշխատել, սակայն տեղական այլ ընկերությունների համար, որոնք համաշխարհային շուկայի հետ կապեր չունեն, ավելի դժվար է լինելու գոյատևել», - նշում է ԴիՋիԱյ Թրեյդինգ ընկերության մենեջերը։

Մինչդեռ Եվրոպայում որոշ բնապահպաններ քննադատում են Միացյալ Նահանգներին՝ այլ երկրներ ածուխ արտահանելու միջոցով համաշխարհային աղտոտվածության խնդիրը խորացնելու համար։ Միացյալ Նահանգներից Գերմանիա ածխի արտահանումները 2008 թվականից ի վեր կրկնապատկվել են՝ ապահովելով բնական գազի ավելի էժան այլընտրանք և փոխարինելով աստիճանաբար նվազող ատոմային էներգիային։

«Ամերիկյան ածուխը զգալի դեր է խաղում եվրոպական ածխի շուկայում իր ցածր արժեքով, քանի որ Միացյալ Նահանգները ավելի շատ թերթաքարային գազ է օգտագործում», - ասում է Լուենեն ածխի գործարանի գործադիր տնօրեն Սթեֆան Փոլը։

Միացյալ Նահանգները այս տարի տոնում է ավելի քան 400 պահպանվող վայր ներառող Ազգային պարկ ծառայության 100-ամյակը։

XS
SM
MD
LG