Մատչելի հղումներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին մեղադրել է ագրեսիվ հայտարարություններով հանդես գալու և իր երկրի սահմանների մոտ ռազմական ներկայության ընդլայնման մեջ։

Մասնավորապես, Պուտինը ՆԱՏՕ-ին մեղադրել է առավել սերտ համագործակցության Ռուսաստանի կոչերը անտեսելու մեջ՝ վկայակոչելով «բոլոր պետությունների համար հավասար՝ դաշինքից դուրս հավաքական անվտանգության ժամանակակից համակարգ» ստեղծելու անհրաժեշտությունը։ Չորեքշաբթի օրը խոսելով խորհրդարանի առջև՝ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը «պատրաստ է երկխոսության», սակայն որևէ «դրական արձագանք չի ստացել, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին էր»։

Պուտինը կոչ է արել օրենսդիրներին արձագանքել ՆԱՏՕ-ի գործողություններին՝ այդ թվում Ռուսաստանի պաշտպանունակության հզորացման միջոցով.

«ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ գործողությունները արդեն մեր սահմանների մոտ։ Այս պայմաններում մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրի պաշտպանունակությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետդումայի պատգամավորներին Ռուսաստանի պետական շահերը խորությամբ և հիմնավոր հասկանալու, դրանք վճռորոշ կերպով պաշտպանելու և, իհարկե, մեր երկրի անվտանգության ամրապնդման հետ կապված առաջարկների շուրջ համախմբված աջակցության համար»։

Վերահաստատելով 2014 թվականին Ղրիմի բռնակցման Մոսկվայի դիրքորոշումը՝ Պուտինը նաեւ բարձր է գնահատել օրենսդրի աշխատանքը։

«Ես գտնում եմ, որ Ղրիմի և Սևաստոպոլի իրավական ինտեգրումը հիրավի ձեր աշխատանքի պատմական արդյունքն է, որին նախորդել է ձեր անկեղծ և ջերմ բարոյական աջակցությունը թերակղզու բնակիչներին՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվեին ընդառաջ»։

2014 թվականից սկսած, երբ Կրեմլը բռնակցեց Ուկրաինային պատկանող Ղրիմի տարածքը, ապա և աջակցեց արևելյան Ուկրաինայի անջատողականներին, Ռուսաստանի ռազմական գործողությունները հետզհետե ավելի են մտահոգում Միացյալ Նահանգներին և Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներին։

Ռուսաստանի ագրեսիվ քայլերից հատկապես անհանգստացած են Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը, որոնք ՆԱՏՕ-ից հայցել են ավելացնել ներկայությունը իրենց երկրներում՝ որպես Ռուսաստանին զսպող միջոց։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանին հակազդելու նպատակով և հաջորդ ամիս Վարշավայի գագաթաժողովին ընդառաջ՝ չորս գումարտակ կտեղակայի Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։ Մայիսին Ռուսաստանը հայտարարել է, որ երեք դիվիզիա զորք է տեղակայելու իր հարավարևելյան սահմանի երկայնքով՝ հակազդելու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի աճող ռազմական ներկայությանը։

XS
SM
MD
LG