Մատչելի հղումներ

Օբաման՝ երիտասարդներին. «Պետք է թույլ տալ մարդկանց ինքաարտահայտվել»


Ճապոնիայում Մեծ յոթնյակի գագաթաժողովը բացելուց առաջ Բարաք Օբաման հանդիպում էր անցկացրել Վիետնամի երիտասարդության հետ, որտեղ պատմել էր առաջնորդ դառնալու իր ուղու մասին եւ նույնիսկ վիետնամական ռեփ կատարել.

«Պե՞տք է երաժշտություն, ասենք...»:

26-ամյա ռեփեր Սաբոյին հետաքրքրում էր խոսքի եւ արվեստի ազատության խնդիրը: Օբամայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ էր.

«Պատկերացրեք, եթե այն ժամանակ, երբ ռեփը նոր էր զարգանում, կառավարությունն այն արգելեր, պատճառաբանելով դրա մեջ վիրավորական պարունակությունը, ներկայիս հիփ-հոփ մշակույթը գոյություն չէր ունենա: Այնպես որ, պետք է թույլ տալ մարդկանց ինքաարտահայտվել»:

Հո Շի Մինում երիտասարդներին հետաքրքրում էր նաեւ Օբամայի կարծիքը, թե ինչպե՞ս է հնարավոր առաջնորդ դառնալ: Բարաք Օբաման խոստովանեց, որ երիտասարդ տարիքում բոլորովին էլ լուրջ անձնավորություն չէր.

«Երբ ձեր տարիքին էի, ես ձեզ պես կազմակերպված, կրթված եւ իմաստուն չէի: Երիտասարդ տարիներին ես ուսմանս լուրջ չէի վերաբերվում, ավելի շատ հետաքրքրված էի բասկետբոլով եւ աղջիկներով: Եվ միշտ չէ, որ այսքան լուրջ եմ եղել»:

Մեկնելով Ճապոնիա՝ Օբաման սկսեց օրը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարների քննարկումից: Երկու երկրների ղեկավարները կրկին ընդգծեցին հարաբերությունների կարեւորությունը:

«ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքը մեր երկու երկրների հիմնասյուներից մեկն է», - նշեց Բարաք Օբաման:

Մայիսի 26-ին Մեծ յոթնյակի ղեկավարները սկսում են պաշտոնական գագաթաժողովը, որի ընթացքում առաջնորդները քննարկելու են տնտեսությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ գլոբալ քաղաքականությանը վերաբերող խնդիրներ:

XS
SM
MD
LG