Մատչելի հղումներ

Սիրիայի ամենախոշոր քաղաքում՝ Հալեպում հինգշաբթի կեսգիշերին հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ջանքերի արդյունքում հաստատված դադարից առաջ այստեղ ընթանում էին ուժեղ մարտեր, երբ մի քանի օրերի ընթացքում այստեղ քաղաքացիական ավելի քան 3ՕՕ մարդ էր զոհվել։

Սիրիայի Հալեպ քաղաքում կրակի դադարեցման ընթացքը հետեւում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիտորդները։ Ըստ պայմանավորվածության, այն շարունակվելու է մինչեւ ուրբաթ օրը կեսգիշեր, այսինքն՝ 48 ժամ։

Ելույթ ունենալով Վաշինգտոնում, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին ասել է, թե հրադադարը պիտի տարածվի ամբողջ երկրի տարածքում, եթե կողմերն ուզում են հույսեր փայփայել, որ կվերսկսվեն Սիրիայի քաղաքական անցման շուրջ Ժնեւյան բանակցությունները։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրն անցկացրել է Սիրիայում շարունակվող բռնությունները քննարկելու նպատակով արտակարգ նստաշրջան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դատապարտել է Հալեպում ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները կառավարական ուժերի կողմից օդային գրոհի ենթարկելու փաստը։

Նա ասել է, թե հիվանդանոցների ուղղությամբ մտածված հարձակումները եւ սովամահությունը որպես զենք կիրառելու փաստը համարվում են պատերազմի հանցագործություններ, որոնց մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության։

Հարցին, թե ի՞նչ կարող է պատահել Հալեպում հաստատված երկօրյա հրադադարի ժամկետն ավարտվելուց հետո, Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հարցերով վերլուծաբան, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Փիթըր Բեխթոլդն ասել է, թե մինչ այդ կողմերը պիտի մտածեն բանակցություններում իրենց նախապայմաններից հրաժարվելու մասին։ Այդ թվում, ասել է նա, ընդդիմությունը պիտի հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի անհապաղ հրաժարականը պահանջելու իր նախապայմանից։ Դա մի կեցվածք է, որը նրա խոսքերով, չեն ընդունում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ՝ ԱՄՆ-ը։

XS
SM
MD
LG