Մատչելի հղումներ

Լրացավ Չերնոբիլի աղետի 3Օ տարին


Ապրիլի 26-ին լրանում է Չերնոբիլի միջուկային աղետի երեսուն տարին, երբ ուկրաինական այս քաղաքում պայթեց ատոմային էլեկտրակայանի ռեակտորներից մեկը՝ արտանետելով հսկայական ծավալներով ճառագայթում։ Շրջակա տարածքներից տարհանվեց 116 հազար մարդ, որոնց հաջորդ տարիների ընթացքում միացան եւս 22Օ հազար բնակիչներ։ Երեսուն տարի անց քաղաքը շարունակում է մնալ որպես ուրվական՝ աշխարհին հիշեցնելով միջուկային աղետների հնարավոր արհավիրքները։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցներից Հենրի Ռիջուելը վերջերս այց էր կատարել Չերնոբիլ՝ տեսնելու ու զգալու ուրվական քաղաքի տխուր խորհուրդը։ Նա պատմում է, որ Ալեքսանդր Գրուզեւիչը մանկության տարիներին ապրել է այստեղ իր ծնողների հետ միասին։ Վերջինս ունի մանկության տարիներից տպավորված բարի հիշողություններ։

Երիտասարդ տղա էր նա, երբ մի օր տան առջեւ ծխելու ժամանակ պատահեց արհավիրքը։

՝՝Տեսա, որ ինչ որ բան փայլեց, կարծես մայրամուտ լիներ։ Երեւաց արյան գույն երկնքում։ Ու զարմացա, ինչպես կարող էր այդ ժամին արեւը լինել այդ կողմում։ Հաջորդ օրը մեզ ոչինչ չասացին՛՛, պատմում է Ալեքսանդրը։

Միայն 16 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած աղետն իր մասին սկսում էր պատմել աստիճանաբար։ Ինչ վերաբերում է մարդկանց տարհանելուն, այն սկսվեց աղետից միայն տասն օր անց։

Չերնոբիլին հարակից Պրիպյատ քաղաքում էին ապրում ատոմային կայանի աշխատակիցները, որոնցից շատերն իրենց տների պատշգամբներից էին դիտում կայանից դուրս եկող բոցը։ Քաղաք, որն այսօր ակամա դարձել է աշխարհում միջուկային ամենամեծ աղետի մասին պատմող լուռ մի հուշարձան։

Այստեղ 3Օ տարի ամեն ինչ մնացել է անշարժ։ Տեղի դպրոցում հակագազները հիշեցնում են Սառը պատերազմի տարիների պարանոյան, իսկ գետնին թափված գրքի էջերը՝ պատմում Խորհրդային Միության նվաճումների մասին։

Չերնոբիլ քաղաքում այսօր մոտ 3ՕՕՕ մարդ դեռեւս շարունակում են գործարանը ապասարքավորելու աշխատանքները։ Յուրաքանչյուր աշխատակցի այս գոտում թույլատրվում է աշխատել միայն 14 օր։

Սակայն այս ամայացման մեջ արդեն նշմարվում են կյանքի նշույլներ։ Քանի դեռ անմարդաբնակ շենքերը շարունակում են դուրս գալ շարքից, ժամանակին ճառագայթահարված կեչու ծառերը սկսում են վերականգնել մեռած հողը։ Ժամանակին իրենց տները լքած, այժմ արդեն տարեց մարդիկ, ընդհանուր թվով մի քանի հարյուր մարդ վերադարձել են այստեղ՝ զգալով իշխանությունների լուռ թույլտվությունը։ Նրանցից շատերն աճեցնում են բույսեր, չնայած երկրի մակերեւույթի տակ թունավոր նյութերի առկայության մասին նախազգուշացումներին։

Ու չնայած հայրենի հողը շատերին է կանչում իր գիրկը, գիտնատկաններն ասում են, թե այս մասերն ապահով բնակելի տարածք չեն կարող դառնալ դեռեւս 2Օ հազար տարի։

XS
SM
MD
LG