Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները պատրաստվում է ոչնչացնել «Դաեշ»-ը


Միացյալ Նահանգներ Իրաք սահմանափակ թվով հատուկ ջոկատայիններ եւ մարտական ուղղաթիռներ կուղարկի:

Միացյալ Նահանգները հավելյալ զինվորականներ է ուղարկելու Իրաք՝ «Դաեշ»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը.

«Մենք հավելյալ ռազմական խորհրդականներ ենք ուղղելու՝ Իրաքի ուժերին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Դրանից բացի, ռազմական ուղղաթիռներով Իրաքի ուժերին օգնելու ենք շրջապատել եւ հետ վերցնել Մոսուլը»:

Քարթերի խոսքով, խոսքը գնում է սահմանափակ թվով ամերիկյան զինվորականների մասին: Մասնավորապես, Իրաք են ուղղվելու ԱՄՆ-ի հավելյալ 200 զինվորական եւ «Ապաչի» տեսակի ռազմական ուղղաթիռներ: Սակայն, դրանով ամերիկյան օգնությունն Իրաքին չի սահմանափակվելու.

«Մենք նախատեսում ենք տրամադրել նաեւ հավելյալ M142 շարժական հրետանային հրթիռային համակարգեր, որոնք օգնելու են Իրաքի զինուժին՝ Մոսուլի ուղղությամբ»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կարծիքով, ամերիկյան ցամաքային եւ օդային հրետանու աջակցությունը զգալիորեն բարձրացնելու է Իրաքի ուժերի մարտունակությունը՝ Մոսուլը ահաբեկիչներից ազատելու գործում: Մոսուլից հետո հիմնական թիրախը լինելու է «Դաեշ»-ի ահաբեկիչների մայրաքաղաք հանդիսացող Ռաքքան, որը Միացյալ Նահանգների օգնությամբ նույնպես կարող է ազատագրվել:

Իրաք ուղարկվող զինվորականների մեծ մասը հատուկ բանակայիններ եւ ուղղաթիռների օդաչուներ են, մնացածը՝ ռազմական մարզիչներ ու խորհրդականներ: Հատուկ զինվորականները եւ օդաչուները գտնվելու են Իրաքի ուժերի հետ՝ առաջնագծում:

Միացյալ Նահանգները օգնելու է նաեւ «Դաեշ»-ի դեմ պայքարող քուրդ դաշնակիցներին.

«Մենք նախատեսում ենք ֆինանսական օգնություն տրամադրել Փեշմերգային: Այսպիսով, Իրաքի վարչապետ Աբադիի համաձայնությամբ, մենք օգնելու ենք Փեշմերգային՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ արդյունավետ պայքարող ուժերից մեկին»:

Փորձագետների կարծիքով, Մոսուլն ազատագրելուց հետո մեծ է հավանականությունը, որ «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորումը կտապալվի:

XS
SM
MD
LG