Մատչելի հղումներ

Դուք, կոնգրեսական Ռոբըրթ Դոլդի հետ նախաձեռնել եք Արդբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։ Ինչո՞վ էր պայմանավորված այն։

Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ Մեր նախաձեռնության նպատակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Արդրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Չեմ կարծում, որ ակտիվ պատերազմի պարագայում մենք պետք է որեւէ ռազմական աջակցություն հատկացնենք կողմերին։

Ըստ ձեզ՝ ամերիկյան կողմը պե՞տք է ավելի մեծ դեր ստանձնի Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման եւ խաղաղության հաստատման գործում։

Ես նախ ուզում եմ համոզվել, որ մենք մաս ենք կազմում խնդրի շուրջ բանակցություններում: Երբեմն թվում է, որ դրա մենաշնորհը տրված է Ռուսաստանին։ Մեր նպատակն է Մինսկի խմբի դերի բարձրացումը, քանի որ Մինսկի խումբն է, որ պետք է գլխավոր դեր խաղա այս խնդրում, իր բոլոր համանախագահների ակտիվ մասնակցությամբ։

Կոնգրեսի մեկ այլ կարեւոր նախաձեռնություն, որին դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել, այսպես կոչված ՛՛Ռոյս Շերման՝՝ նամակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը։ Ի՞նչ ընթացքում է այն։

Այս նախաձեռնության նախնական նախաձեռնողները Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգըլն էին: Նրանք այն սկսել էին վերջին իրադարձություններից առաջ, շփման գծում խաղաղության պահպանման նպատակով՝ առաջարկելով հրադադարի վերահսկման ավելի գործուն համակարգ։ Ես տարիներ շարունակ ասել եմ, որ հարկավոր է լուջ քայլեր ձեռնարկել հնարավոր բախումները կանխելու համար։

Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերություններին, կարծո՞ւմ եք արդյոք, որ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը կարող է դիտարկվել որպես այդ լարված հարաբերությունների արտացոլանք կամ շարունակություն։

Չեմ կարծում, որ Ռուսաստանը կամ Թուրքիան հետաքրքրված են պատերազմի վերսկսմամբ։ Կարծում են, որ սա Ադրբեջանի ղեկավարության որոշումն է։ Տպավորություն է ստեղծվում, որ երբ Ադրբեջանի կառավարությունը ներքին խնդիրների է դիմակայում, ելքը պատերազմը վերսկսելն է։ Սա է պատճառը, որ մենք պետք է շատ ավելի լրջորեն մոտենանք խաղաղության պահպանման գործընթացին։ Այդուհանդերձ չեմ ուզում ասել, թե Թուրքիան այս գործում դեր չուներ, հատկապես Էրդողանի հայտարարությունից հետո։ Կարծում եմ սակայն, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ ուղիղ կապ չկա։

Կարծու՞մ եք արդյոք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրում Հայաստանի դաշնակիցն է։

Ես կուզենայի Հայաստանը տեսնել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ Արեւմուտքը փորձում է օգնել Հայաստանին տարբեր ոլորտներում ներդրումներով, սակայն ռազմական միջամտության գնալու պատրաստ չէ։ Ռուսաստանը մյուս կողմից դիտարկվում է որպես դաշնակից, որի վրա Հայաստանը մեծապես հենվում է երկրի անվտանգության գործում։ Ռուսաստանը սակայն զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին, եւ պատրաստ չէ հանուն Հայաստանի վատացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հայաստանը ստիպված է Ռուսաստանին որպես դաշնակից դիտարկել, եթե նույնիսկ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ։

Այդ դեպքում, ինչպե՞ս եք տեսնում ԱՄՆ- Հայաստան հարաբերությունների ապագան։

Փաստը, որ բախումները տեղի ունեցան այն ընթացքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին, պետք է ստանար խիստ արձագանք ԱՄՆ-ի կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը տարիներ շարունակ մեծ ջանքեր է ներդրել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման գործում։ Մենք շարունակելու ենք այդ գործը թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական ոլորտներում։ Այս գործում իր մեծ դերն ունի նաեւ ամերիկահայ համայնքը։

ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավում, ըստ ձեզ, կա՞ նախագահական թեկնածու, որը կարող է Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես ավելի կարեւոր առաջնահերթություն։

Ես Հիլարի Քլինթընի կողմնակից եմ։ Նա, կարծում եմ, արտաքին քաղաքականության ոլորտում ամենաիրազեկված թեկնածուն է, որը հստակ պատկերացնում է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում։ Նա մեծ ներդրում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների գործում։ Ես համոզված եմ, որ Հիլարի Քլինթընը ամենաիրազեկված թեկնածուն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրում եւս։

XS
SM
MD
LG