Մատչելի հղումներ

Սփյուռքը ոտքի է կանգնել. ԱՄՆ-ի հայերը վճռական են տրամադրված


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին օրերի բախումները լուրջ արձագանք են ստացել ոչ միայն Հայաստանում

Սփյուռքը ոտքի է կանգնել եւ վճռական է տրամադրված, հայտարարում են Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը:

Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնում է, որ Միացյալ Նահանգների հայ համայնքը մտադիր չէ տեղի ունեցած բախումներն անպատասխան թողնել.

«Իրականում Ամերիկայի հայ համայնքը սթափվեց եւ գիտակցեց, որ հենց այս պահին Ղարաբաղին ու Հայաստանին վտանգ է սպառնում, եւ մենք այդ վտանգի կանխման ուղղությամբ լուրջ գործողություններ ենք ձեռնարկելու»:

Բարսամյանի խոսքով, ԱՄՆ-ի բոլոր հայկական կազմակերպությունները եւ եկեղեցին համակարգում են աշխատանքները՝ լուրջ արդյունքի հասնելու համար:

«Այսօր մենք նամակ ենք ուղարկել Սպիտակ տուն եւ ես անձամբ խոսել եմ Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաների հետ: Հաջորդ օրերի ընթացքում մենք նախատեսում ենք նաեւ եւս մեկ հանդիպում պետքարտուղարության ներկայացուցչի հետ», - նշել է Բարսամյանը:

Նախագահ Օբամայի աշխատակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներ են անցկացրել նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ճնշում գործադրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա, որը նախորդ շաբաթ Վաշինգտոնում էր.

«Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները Ադրբեջանին ուղղակի մեղադրի հարձակման մեջ: Այնքան ժամանակ, որքան պահպանվի այս մոլորեցնող հավասար վերաբերմունքը կողմերի նկատմամբ, խաղաղություն չի հաստատվելու»:

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները նախատեսում են նաեւ կոչ անել Միացյալ Նահանգների օրենսդիրներին արգելել Ադրբեջանին ցանկացած տեսակի ամերիկյան ռազմական օգնության տրամադրում եւ միեւնույն ժամանակ, ավելացնել ամերիկյան օգնության չափը Լեռնային Ղարաբաղին: Արամ Համբարյանի կարծիքով, անհրաժեշտ է պարզել, թե բախումներից հետո ինչպիսի օգնության կարիք ունեն Ղարաբաղի բնակիչները.

«Այդ նպատակով մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ վնասը գնահատելու եւ մարդկանց կարիքները պարզելու նպատակով»:

Հանձնախումբը նաեւ կրկին կոչ է արել ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրել, որին ընդդիմանում է ադրբեջանական կողմը:

«Մենք կոչ ենք անում այդ դեպքում սարքերը տեղադրել միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմի վրա: Դա իհարկե չի ապահովի ճշգրտության այն աստիճանը, որը կլիներ սարքերը նաեւ հակառակ կողմում տեղադրելու դեպքում, սակայն, որոշակի տվյալներ այնուամենայնիվ հնարավոր կլիներ ստանալ», - նշել է Համբարյանը:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նաեւ կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին հրապարակել ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների եւ այլ հատուկ ծառայությունների տվյալները՝ ապրիլի 2-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումների նախօրեին զինվորական պատրաստությունների վերաբերյալ, որը կարող է հետաքրքիր մանրամասներ ի հայտ բերել կողմերի ռազմական պատրաստությունների վերաբերյալ:

XS
SM
MD
LG