Մատչելի հղումներ

Օբաման Կուբա է պատրաստվում այցելել


88 տարիների ընթացքում առաջին անգամ, ԱՄՆ-ի նախագահը Կուբա կայցելի: ԱՄՆ-ում այդ այցի վերաբերյալ կարծիքները հակասական են

Մարտի 20-ին նախագահ Բարաք Օբամայի նախատեսված այցի նախօրեին զգալիորեն ավելացել է Կուբա ժամանող զբոսաշրջիկների թիվը: Կուբայից փախչող բնակիչներին սակայն, շարունակում է ձգել ամերիկյան երազանքը:

«Ես Կուբա եմ մեկնում»

Նախագահ Օբաման նոր հնարավորություններ է տեսնում.

«Հավատացած եմ, որ ամերիկյան շահերը եւ արժեքները առաջ քաշելու եւ Կուբայի ժողովրդի կյանքը բարելավելու լավագույն ճանապարհը համագործակցությունն է», - ասել է Օբաման:

Հանրապետական կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարդը սակայն հիշատակում է, որ ԱՄՆ-ի նախագահը չպետք է այցելի Կուբա, որտեղ 2015-ին քաղաքական մեղադրանքներով 8000-ից ավելի մարդ է կալանավորվել:

«Կուբայի իշխանությունները ոչ մի չափանիշով չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում», - նշել է Դիազ-Բալարդը:

՝՝Միջամերիկյան երկխոսություն՛՛ հաստատության նախագահ Մայքըլ Շիֆթերի կարծիքով, Կուբայում իրական փոփոխությունները զգալի կլինեն տարիներ անց միայն.

«Այնտեղ փոփոխությունների նկատմամբ լուրջ հակազդեցություն կա եւ, կարծում եմ, վաղ է կանխատեսել, թե Կուբան որ ուղով առաջ կընթանա»:

Իր այցի ընթացքում Բարաք Օբաման խոստացել է բարձրաձայնել առկա խնդիրները.

«Ես վերահաստատելու եմ, որ Միացյալ Նահանգները շարունակում է պայքարել համամարդկային արժեքների, խոսքի եւ կրոնի ազատությունների համար»:

Վերլուծաբանների կարծիքով, Օբամայի ջանքերը կարող են ապագայում լուրջ դրական ազդեցություն ունենալ Կուբայի վրա, որի պաշտոնյաները արդեն փոփոխություններ են խոստանում.

«Կուբան բաց է ԱՄՆ-ի կառավարության հետ ցանկացած հարցի, այդ թվում՝ մարդու իրավունքների խնդիրների քննարկման հարցում», - նշել է Կուբայի արտգործնախարար Ժոզեֆինա Վիդալը:

Վերլուծաբան Մայքըլ Շիֆթերի խոսքով, հաջորդ շաբաթ նախագահ Օբամայի այցը Հավանա մեծ ոգեւորություն է առաջ բերել ոչ միայն Կուբայում, այլեւ՝ ամբողջ Հարավային Ամերիկայում:

XS
SM
MD
LG