Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Բեռնի Սանդերսը կիրակի օրը հանդիպել էին Միչիգան նահանգում ևս մեկ քաղաքական բանավեճ անցկացնելու համար:
Քլինթոնը լսարանին խոստովանել էր, որ եթե ինքն իր կուսակցության թեկնածուն դառնա, ապա ուրախ կլինի պայքարել գործարար և միլիարդատեր հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ:
«Կարծում եմ, Դոնալդ Թրամփի մոլեռանդությունը, մարդկանց գրգռելու հատկությունը և նրա աղմկոտ բնավորությունը ամերիկացիներին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»:
Բանավեճը կայացել էր Ֆլինթ քաղաքում, որտեղ այս քաղաքի 100,000 բնակիչները պայքարում են թունավոր ջրի ճգնաժամի դեմ, ինչը տեղի պաշտոնյաները փորձում են լուծել արդեն չորս ամիս: Նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մտահոգություն է հայտնել այս հարցի շուրջ:
Նա ասել է,- «Ես լսեցի և տեսա այնպիսի բաներ, որոնք ինձ ցնցեցին, հավատս չի գալիս, որ 2016 թվականին Միացյալ Նահանգներում Միչիգանի Ֆլինթ քաղաքի երեխաները թունավորվում են։ Սա պարզապես վայել չէ մեր երկրին»:
Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Քլինթոնի ու Սանդերսի տեսանկյունները միմյանց էին բախվում միջազգային առևտրի, զենքի նկատմամբ վերահսկողության և ընտրարշավի ֆինանսավորման բարեփոխումների վերաբերյալ:
Նախկին առաջին տիկին Քլինթոնը դեռևս Դեմոկրատական կուսակցության առաջատարն է: Սակայն Բեռնի Սանդերսը հույսը կապում է միջին-արևմտյան նահանգների հետ, ինչպես օրինակ Օհայոն, Իլլինոիսը և Միսսուրին: Սանդերսը հույս ունի, որ այս նահանգների ընտրողները կընդունեն միջազգային առևտրի համաձայնագրերը փոխելու շուրջ իր տեսանկյունները, քանի որ ներկայիս համաձայնագրերը հանգեցրել են արտադրողական աշխատատեղերի անկմանը:
Շաբաթ օրը անցկացված քվեարկությունների արդյունքում Սանդերսը Քլինթոնի նկատմամբ հաղթանակ է տարել Քանզասում և Նեբրասկայում, այնուհետև ևս մեկ հաղթանակ է տարել կիրակի օրը Մեյն նահանգում: