Միացյալ Նահանգներում ավարտվել է Սուպեր երեքշաբթին, երբ միանգամից 11 նահանգներում նախնական ընտրություններ էին անցնում:
Սպասվածի համաձայն, հանրապետականների շրջանում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը՝ առաջին տեղը զբաղեցնելով միանգամից 7 նահանգներում: Թրամփի խոսքով, հանրապետականների շրջանում իր թեկնածությունը լուրջ այլընտրանք չունի.
«Նրանք լուրջ պարտություն են կրում երկրով մեկ: Տեսե՞լ եք Բլումբերգի վերջին հարցումը»:
Դեմոկրատական կուսակցության ներսում պայքարն ավելի կոշտ էր: Սպասումների համաձայն, Սուպեր երեքշաբթիի առաջատարն էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով հաղթեց Ալաբամայում, Արքանզասում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Թենեսիում, Թեքսասում ու Վիրջինիայում:
Քլինթոնն իր նախընտրական պայքարում ընդգծում է փորձառությունն ու առաջնորդի հատկությունները, որոնք թույլ են տալու հաղթանակի դեպքում իրականացնել տրված խոստումները.
«Ժամանակն է քանդել մեր հասարակության մեջ եղած սահմանները, վերջնականապես լուծում տալ ռասիզմին եւ զարգացնել թերզարգացած համայնքները»:
Վերլուծաբանների խոսքով, Վերմոնթի սենատոր Բերնի Սանդերսի համար բավականին բարդ է պայքարել Քլինթոնի կողմնակիցների խմբերի զարգացած ցանցի դեմ: Սակայն դեմոկրատ Սանդերսն ու հանրապետական Թրամփն ունեն մեկ ընդհանուր հաղթաթուղթ՝ նրանք ընկալվում են որպես քաղաքական աշխարհին չպատկանող թեկնածուներ, պատմում է Ռայսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Մարք Ջոնսը.
«Մարդիկ, հավանաբար տարբեր պատճառներով դժգոհ են ներկա իրավիճակից, մինչդեռ երկուսն էլ՝ ե՛ւ Սանդերսը ե՛ւ Թրամփը, ներկա իրավիճակում արմատական փոփոխություններ են խոստանում»:
Կարեւոր է հիշել սակայն, որ Սուպեր երեքշաբթին, թեեւ կարեւորագույն դեր է խաղում, սակայն դեռեւս չի արտահայտում ամբողջ երկրի պատկերը, քանի որ Սուպեր երեքշաբթին անց է կացվում հիմնականում պահպանողական նահանգներում, մինչդեռ լիբերալ նահանգներում բնակվող հանրապետականների եւ դեմոկրատների ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել: