Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է նախագահի թեկնածուներ ընտրել


Միացյալ Նահանգներում նախագահական պայքարը շարունակում է սրվել

Նյու Հեմփշիրը դարձավ ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որտեղ անցան նախագահի նախնական ընտրությունները, որոնց ընթացքում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները կարող էին դեմոկրատական կամ հանրապետական կուսակցությունների ներսում ընտրել իրենց կարծիքով լավագույն թեկնածուներին:

Ի տարբերություն Այովայի, Նյու Հեմփշիրում անակնկալներ չեղան: Հանրապետականների շրջանում հաղթեց գործարար եւ մեծահարուստ Դոնալդ Թրամփը, որի համար Այովայի պարտությունից հետո սա կարեւոր եւ ոգեւորող հաղթանակ էր:

«Մենք ավելի լավ երկիր ենք ունենալու, ավելի լավ ծառայություններով: Մենք ավելի լավ ճանապարհներ եւ հիվանդանոցներ ենք ունենալու եւ մենք դրանց համար ավելի քիչ ենք վճարելու», - ասել է Թրամփը:

Դեմոկրատական կուսակցության շրջանում ամեն ինչ անցավ սպասվածի համաձայն: Հաղթանակ տարավ իրեն սոցիալիստ դեմոկրատ անվանող, Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսը՝ առաջ անցնելով Հիլարի Քլինթոնից, ով, հիշեցնենք, հաղթել էր Այովայում:

«Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք փոփոխության հասնել, այն է, որ միլիոնավոր մարդիկ ոտքի ելնեն եւ ասեն. Գիտեք ինչ, ներկա դրությունը մեզ դուր չի գալիս», - ասել է Սենդերսը:

Սոցիալական գաղափարներով առաջնորդվող Սենդերսը, չնայած որ ամենատարեց թեկնածուն է, վայելում է երիտասարդների լայն աջակցությունը: Նա հայտարարում է, որ դեմ է իրավիճակին, երբ մարդկանց փոքր հատվածը տիրապետում է հսկայական կարողություններ,, երբ մարդկանց մեծամասնության կարողությունները չնչին են:

Նյու Հեմփշիրի ընտրողները մինչդեռ նշում են, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի հզորությունը, ընտրություն կատարելիս անհրաժեշտ է մտածել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ՝ ողջ երկրագնդի մասշտաբով.

«Կարծում եմ, անհրաժեշտ է գտնել թեկնածուի, ով ընտրություն է կատարելու ոչ միայն մեր, այլեւ՝ ողջ աշխարհի համար, այնպես որ, պետք է որ նա համամարդկային գաղափարի տեր լինի», - ասել է Նյու Հեմփշիրի բնակիչ Արթ Դեսմարաիս:

Հաջորդ նախնական ընտրությունները տեղի կունենան արդեն փետրվարի 20-ինՀարավային Քարոլինայում, իսկ մարտի մեկը սուպեր երեքշաբթին է, երբ նախնական ընտրություններ են նախատեսվում միանգամից 11 նահանգներում: Հավանաբար հենց մարտի 1-ից հետո կպարզվի, թե ով է ներկայացնելու Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:

XS
SM
MD
LG