Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում երկրի տնտեսության թեման բավարար ուշադրության չի արժանանում


ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում երկրի տնտեսության թեման բավարար ուշադրության չի արժանանում
ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում երկրի տնտեսության թեման բավարար ուշադրության չի արժանանում

Թեև 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների ուշադրության կենտրոնում են ներգաղթի, ազգային անվտանգության և հակաահաբեկչության հարցերը, վիճակագրական տվյալները վկայում են, որ ընտրողների գերակշռող մասին հուզում է երկրի տնտեսության հարցը:

Վերջին շաբաթների ընթացքում թվում է, թե ներգաղթի, ազգային անվտանգության և հակաահաբեկչության թեմաները գերակշռում են 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում, շվաքի տակ թողնելով երկրի տնտեսության թեման: Սակայն ըստ վիճակագրական տվյալների, ընտրողների գերակշռող մասին հուզում է հենց երկրի տնտեսության հարցը:

Բարաք Օբամայի նախագահության ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակը ակնհայտորեն բարելավվել է: Երբ 2009 թվականին Բարաք Օբաման ստանձնեց նախագահի պաշտոնը, գործազրկության ցուցանիշը 10 տոկոսի էր հասնում։ Այսօր այն կրճատվել է կիսով չափ:

Սուջա Ջոզեֆը Մերիլենդ նահանգի Կոլումբիա քաղաքում և Վաշինգտոնի մերձակայքում գործազուրկ մարդկանց համար աշխատանք գտնելու միտումով սեմինարներ է անցկացնում:

Սուջան ասում է,- «Մեր օգնությամբ աշխատանք փնտրողներից շատերը գալիս և ասում են, որ նախկինում իրենք աշխատանք չէին գտնում, իսկ այժմ հենց գործատուներն են իրենց հետ կապ հաստատում: Դա նրանց ոգևորում է»:

Սակայն թվում է թե նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության թեկնածուները չեն կիսում Օբամայի տեսակետները: Բերնի Սենդերսը առիթ բաց չի թողնում նշելու համար, թե ներկայիս տնտեսությունը նպաստում է միայն միլիոնատերերին ու միլիարդատերերին: Թեև Հիլարի Քլինթոնը ավելի մեղմ է արտահայտվում այս առումով, նա նշել է , որ տնտեսությունը դեռևս չի նպաստում սովորական ամերիկացիների շահերին:

Հանրապետական կուսակցության թեկնածուներն էլ միանշանակ առիթը բաց չեն թողնում նախագահ Օբամային և մյուս դեմոկրատներին լճացված աշխատավարձի, կայուն անհավասարության և տնտեսական զարգացման բացակայության մեջ մեղադրելու համար: Մարքո Ռուբիոն ասել է, թե ամերիկյան երազանքը դեռևս երազանք է թվում: Ջոն Քասիքն էլ խոստացել է, տնտեսությանը նոր սկիզբ տալ:

Թեև այս խոստումները տպավորիչ են, տնտեսագետ Անիրբան Բասուն թերահավատ է երկրի տնտեսության ապագայի շուրջ:

Բասուն ասում է,- «Մեր արտադրողական կարողությունը չափազանց մեծ է, սակայն այն բավարարելու համար բավականին պահանջարկ չկա: Դրա պատճառներից մեկն էլ համաշխարհային տնտեսության անկումն է»:

Այդուհանդերձ Միացյալ Նահանգների ներկայիս տնտեսական իրավիճակը հնարավորություններ և ռիսկեր է ընձեռում նախագահի ընտրության բոլոր թեկնածուներին:

XS
SM
MD
LG