Մինչ աշխարհի մի շարք երկրների ռազմական փորձագետներ պնդում են, որ Հյուսիսային Կորեայում մեկ շաբաթ առաջ իրականացված միջուկային փորձարկումը չէր կարող լինել ջրածնային ռումբի պայթյուն, քանի որ նման ռումբի փորձարկումը պիտի առաջ բերեր շատ ավելի մեծ ցնցում, քան գրանցվել էր այդ օրը, Հյուսիսի ղեկավարները հայտարարում են, թե այժմ ունեն ջրածնային այնպիսի ռումբ, որը կարող է միանգամից ոչնչացնել ԱՄՆ-ի ամբողջ տարածքը։
Չտալով չափազանց մեծ նշանակություն հյուսիսկորեական հռետորաբանությանը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն այնուամենայնիվ ծրագրում է երկրի նախագահին տալ հավելյալ լիազորություններ, որոնք վերջինիս թույլ կտան բռնագրավել հույսիսկորեացիների բանկային ակտիվները եւ պատժամիջոցներ սկսել այն բանկերի դեմ, որոնք համագործակցում են Հյուսիսի ղեկավար Կիմ Ջոնգ Ունի վարչակարգի հետ։
Օրենքի նախագիծը կազմել են Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցությունը ներկայացնող ղեկավարները, որոնց մեղադրում են Օբամային՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը կանխել չկարողանալու մեջ։
Ինչպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն է ասել,
«Կիմ Ջոնգ Ունին ու նրա վարչակարգին պիտի փորձենք մեկուսացնել Ֆինանսական ու տնտեսական ճնշումների միջոցով»։
Հանրապետականների այս նախաձեռնությանը կողմ են մեծաթիվ դեմոկրատներ, ովքեր Հյուսիսային Կորեան համարում են ՝՝անխոհեմ ու պարանոիկ պետություն՛՛։
Այս ընթացքում ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան բանակցություններ են անցկացնում ռազմական նոր կարողություններ, ինչպես օրինակ հզոր B-22 մակնիշի կործանիչ այստեղ ուղարկելու շուրջ։ Ի դեպ B-22-ը միջուկային ռումբ կրելու ունակ ռմբակոծիչ է։ Կա նաեւ Հարավային Կորեայի ջրային տարածքներում ամերիկյան ավիակիր տեղակայելու մասին խոսակցություն։
Ռուսաստանը, ինչպես երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է ասել, դատապարտում է Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ԱՄն-ի ջանքերը, հավելելով, որ դրան Ռուսաստանից բացի դեմ է նաեւ Չինաստանը։
Բայց ինչպես ԱՄՆ-ը է հայտարարել, Վաշինգտոնը չունի Հարավային Կորեայում միջուկային զենքեր տեղակայելու ծրագիր։ Վաշինգտոնում ունեն այն մտավախությունը, որ նման քայլը կվշտացներ Չինաստանին ու Ռուսաստանին եւ կարող էր դառնալ այս տարածաշրջանում միջուկային մրցավազքի պատճառ։