Մատչելի հղումներ

 
Աշխարհի բոլոր կողմերից մարդիկ եկել էին Նյու Յորք՝ տոնելու Նոր Տարին

Աշխարհի բոլոր կողմերից մարդիկ եկել էին Նյու Յորք՝ տոնելու Նոր Տարին


Ամբողջ աշխարհից մարդիկ հավաքվել էին Նյու Յորքում՝ տոնելու Նոր Տարին եւ մաղթելու միմյանց սեր եւ խաղաղություն:
Ամբողջ աշխարհից մարդիկ հավաքվել էին Նյու Յորքում՝ տոնելու Նոր Տարին եւ մաղթելու միմյանց սեր եւ խաղաղություն:

Նյու Յորքի Թայմս Սքվերում Ամանորի տոնակատարություն առասպելական էր:

«Անհավատալի է, ես երբեք այսքան շատ մարդկանց առջեւ չեմ երգել: Ուղղակի խելագարություն է: Չգիտեմ, էլ ինչ ասեմ», - նշում է երգիչ Չարլի Փութը:

Ավելի քան մեկ միլիոն մարդ, ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ՝ ամբողջ աշխարհից հավաքվել էր այստեղ:

«Այս փողոցներն ինձ ծանոթ են. ձայնագրման ընկերություններն իմ առջեւ շատ են դուռ փակել, եւ ահա ես երգում եմ Թայմս Սքվերում Ամանորի գիշերը», - ավելացնում է երգիչը:

Հրավառություն, սիրահարված զույգեր եւ սիրո նոր խոստովանություններ. Այս ամենը Թայմս Սքվերի Ամանորի գիշերվան բնորոշ հատկանիշներն են: Նորություն էր ինքնաձիգ զենքերով զինված ոստիկանների բազմությունը, որոնց ընդհանուր թիվը հրապարակում 6000-ի էր հասել: Ոստիկաններն իրենց գործը փայլուն կատարեցին՝ չնայած ծայրահեղականների սպառնալիքներին, վտանգները հնարավոր եղավ կանխել եւ աշխարհի բոլոր կողմերից այստեղ հավաքված մարդիկ ստացան խաղաղ տոնակատարությունների հնարավորություն:

«Ինչպես կասեր Միսս Ամերիկան՝ խաղաղություն եւ սեր բոլորին», ասում է Հյուսիսային Դաքոթայից այստեղ եկած Էյփրիլ Նյութոնը:

Ոմանք եկել էին նույնիսկ Եգիպտոսից:

«Ամեն տարի ես այստեղ եմ գալիս՝ սա կյանքիս ամենասիրած իրադարձությունն է ու ես այնքա~ն երջանիկ եմ», նշում է Եգիպտոսից ժամանած Օսամա Քալիֆան:

Կամ տաք Ֆլորիդայից:

«Մենք իրական հաճույք ստացանք, ամեն ինչ հրաշալի է: Ուզում ենք նաեւ շնորհավորել բոլորի Ամանորը Բանգլադեշում», - ասում է Ֆլորիդայում բնակվող Ֆարիա Չուդհուրին:

Ոմանք էլ այնքան էին հուզվել, որ դժվարանում էին հիշել Նոր Տարվա անգլերեն շնորհավորհանքները:

2015-ի իրադարձությունների լույսի ներքո՝ բոլորի հիմնական բարեմաղթանքը խաղաղությունն էր:

«Աշխարհի համար լավ կլիներ, եթե խաղաղություն լիներ, Նոր Տարվա համար հիմնականը սա է», - ասում է Քրիստոֆ Կաուզը Գերմանիայի Քոլոն քաղաքից:

«Որ բոլոր ազգերը հավաքվեն ու միասին տոնեն Նոր Տարին, Թայմս Սքվերում», - ավելացնում է նույն քաղաքից Նյու Յորք ժամանած -Քրիստիան Վանֆրիդը:

«Հենց սա է մեզ այսօր ամենից շատ դուր գալիս», - ավելացնում է -Սոֆիա Նաֆերին, որը նույնպես Գերմանիայից է ժամանել:

2016-ին մարդիկ հույս ունեն անցյալին թողնել եղած ողբերգությունները:

«Փարիզում տեղի ունեցածն իրոք սարսափելի էր, սակայն, կյանքը շարունակվում է եւ մենք պետք է շարունակենք ուրախանալ եւ ապրել», - ասում է Ֆրանսիայից ժամանած Բելթրան Մարիզը:

XS
SM
MD
LG