Մատչելի հղումներ

Օբաման խոսել է Միացյալ Նահանգների բացառիկ դերի մասին


Բարաք Օբաման խոսել է ահաբեկչության դեմ պայքարի, աշխարհում Միացյալ Նահանգների դերի եւ տնտեսական ձեռքբերումների մասին:

2015-ին ԱՄՆ-ում լուրջ տնտեսական աճ է գրանցվել, ավելացել է աշխատավարձի չափը եւ պակասել գործազրկության տոկոսը: Միացյալ Նահանգները շարունակել է ուղղորդել աշխարհի առաջատար մասը դեպի կայուն զարգացում: Տարվա արդյունքներն ամփոփելիս, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները հետեւողական կատարել է առաջնորդի իր դերը:

«Աշխարհում Ամերիկայի բացառիկ դերն արտահայտվել է ոչ թե որեւէ մեկին ռմբակոծելու մեջ, այլ առաջնահերթությունների օրակարգը որոշելու, զարգացման ուղղությունը նշելու եւ աշխարհի երկրներն այդ ուղղությամբ առաջնորդելու մեջ», - ասել է Բարաք Օբաման:

Անդրադառնալով «Իսլամական պետություն» խմբավորման՝ Դաեշի դեմ պայքարին, Օբաման նշել է, որ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքը լուրջ կրճատվել է:

«Միացյալ Նահանգները շարունակում է առաջնորդել գլոբալ հակաահաբեկչական կոալիցիան, որի առաքելությունը Դաեշին ոչնչացնելն է», - ավելացրել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, հակաահաբեկչական ուժերը հուժկու հարվածներ են հասցրել ահաբեկիչներին, սակայն Դաեշը վերջնականապես ոչնչացնելու համար դեռեւս լուրջ ջանքեր են անհրաժեշտ: Այդ կապակցությամբ, Բարաք Օբաման կարեւորեց Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու կարեւորությունը: Օբամայի խոսքով, պատմությունն ապացուցել է, որ Ասադը ի վիճակի չէ առաջնորդել Սիրիայի ժողովրդին եւ Միացյալ Նահանգները շարունակում է պահանջել, որպեսզի Ասադը հեռանա:

«Երբ ավտորիտար ղեկավարը սկսում է սպանել սեփական ժողովրդին՝ հարյուր հազարներով, չի կարելի ակնկալել, որ մենք ուղղակի ոչինչ չենք ձեռնարկելու, քանի որ դա մեր ինքնությանը դեմ է»

Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները լուրջ է մոտենում երկրի ներսում անվտանգության ապահովմանը: Այդ կապակցությամբ, մասնավորապես, որպես ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու մի մաս, ուսումնասիրվում են նաեւ դիմորդի հրապարակային գրառումները սոցիալական ցանցերում: Այս հարցում, Բարաք Օբամայի խոսքով, անհրաժեշտ է միշտ հավասարակշռություն պահպանել անվտանգության եւ անձնական կյանքի անձեռնամխելիության միջեւ:

2016 թվականը, նախագահ Օբամայի խոսքով, հաջող տարի է լինելու: Տարի, երբ շոշափելի արդյունքների կհասնի մաքուր էներգիայի ոլորտի արդյունաբերությունը, լայնածավալ զարգացում կստանա արդեն եռապատիկ աճ գրանցած քամու էներգիայի ոլորտը եւ 20-ապատիկ աճով աչքի ընկած արեգակնային էներգիայի ոլորտը:

Անդրադառնալով 2016-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, Բարաք Օբաման հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը նույնպես լինելու է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ:

XS
SM
MD
LG