Մատչելի հղումներ

Թրամփը առաջարկել է փակել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ


Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է փակել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփի՝ մահմեդականների մուտքն Ամերիկա արգելելու մասին առաջարկը լուրջ խառնաշփոթ է առաջացրել նախագահական թեկնածուների շրջանում: Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ այսպես ապրել այլեւս չի կարելի.

«Գնալով ամեն ինչ վատթարանալու է, ժողովուրդ, գնալով ամեն ինչ վատթարանալու է ու մենք կարող ենք քաղաքականապես կոռեկտ եւ հիմար մնալ, բայց ամեն ինչ վատ է լինելու»:

Թրամփի հայտարարությունների նախօրեինՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգծել էր, որ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել մահմեդականների հետ.

«Ահաբեկչությանը ոչնչացնելու համար մահմեդականները պետք է դառնան մեր ամենամոտ դաշնակիցները»:

Դոնալդ Թրամփի վիճահարույց առաջարկը քննադատել են ինչպես կուսակիցները, այնպես էլ՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները:

«Սա ողբալի եւ ատելությամբ լի մի հայտարարություն է, որը արմատականների շահերին է նպաստում», - հայտարարել է Քլինթոնը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությունները վիճահարույց են, դրանք արտացոլում են հասարակության պահպանողական հատվածի անհանգստությունները.

«Նա խաղում է ներգաղթի, անվտանգության եւ ահաբեկչության վերաբերյալ մարդկանց մոտ առկա վախի վրա», - ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթյերը:

Փորձագետները հիշեցնում են, որ ավանդույթի համաձայն, անվտանգության մասին անհանգստությունների աճը ավելացնում է նաեւ հանրապետականների աջակցության աստիճանը:

XS
SM
MD
LG