Մատչելի հղումներ

Ամերիկացի վերլուծաբան. Էրդողանը Թուրքիայի ներսում Պուտինին էր կրկնօրինակում


Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտությունը կարելի է տարբեր հարթություններում դիտարկել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտությունը կարելի է տարբեր հարթություններում դիտարկել:

Ռեջեփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ սրվող հակամարտությունը ունի նաեւ անձնական պատճառներ, համոզված են վերլուծաբանները: Իրականում, երկու նախագահները բնավորություններով մոտ են միմյանց: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, Թուրքիայի ներսում Էրդողանը կրկնորինակում է հենց Պուտինին.

«Նա փորձում է ներսում կառուցել Պուտինի օրինակով ստեղծված մի վարչակարգ»:

Իրականում, մինչ ինքնաթիռի ոչնչացումը Անկարան Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից էր: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամ երկիրն էր, որը ոչ միայն որեւէ պատժամիջոցներ չէր ընդունել Ռուսաստանի դեմ, այլ շարունակել է տնտեսական հարաբերությունները արդեն Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Ղրիմի հետ: Հենց դա է պատճառը, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը որակեց որպես հարված մեջքից:

«Հաճախ նույն հայացքներն ունեցող երկրների իշխանությունները միմյանց են բախվում, որովհետեւ չափից ավելի են միմյանց նման», - ասում է Սթիվեն Բլանքը:

Արդյունքում, երկու նախագահների հայտարարությունները երբեմն զարմանք են առաջացնում: Այսպես երբ Վլադիմիր Պուտինը Թուրքիային մեղադրեց ահաբեկիչներից նավթ գնելու մեջ, Ռեջեփ Էրդողանն ի պատասխան հայտարարեց, որ եթե ռուսական կողմն իրական ապացույցներ բերի, ապա ինքը Էրդողանը նույն պահին կհեռանա նախագահի պաշտոնից: Սիրիայում գտնվող անկախ լրագրող Սարգիս Քասարջյանի խոսքով, Էրդողանն իր գործողություններով փորձում էր Պուտինին առաջին հերթին խորհրդանշական հաղորդագրություն ուղարկել:

«Եթե դուք ցանկանում եք սիրիական ճգնաժամի մեջ կարեւոր դեր խաղալ, ապա պետք է բանակցեք Թուրքիայի հետ, այլ ոչ թե այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ», - ասում է Քասարջյանը:

Երկու ղեկավարների անձնական հակամարտությունը հավանաբար դեռ կշարունակվի տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, սակայն կարեւոր է, որ այն չտեղափոխվի ռազմական ոլորտ, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

XS
SM
MD
LG