Մատչելի հղումներ

Մալիում եռօրյա սուգ է


Մալիում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի նշան երկրի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից սպանված 19 մարդկանց հիշատակի: Հիշեցնենք, իսլամական երկու ահաբեկիչ 7 ժամ պատանդ էին պահում Մալիի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ռեդիսոն Բլու շքեղ հյուրանոցի հյուրերին: Վկաների խոսքով, եթե ահաբեկիչների թիվը լիներ երկուսից ավելի, ապա ոչ ոք ողջ չէր մնա.

«Ահավոր էր ու աննկարագրելի, մենք հրաշքով ողջ մնացինք, ու բառեր չկան դա նկարագրելու համար», - ասում է Իբրահիմ Մենկան, ով հյուրանոցի կողքին գտնվող խանութի տերն է:

Յոթ ժամվա ընթացքում ահաբեկիչները հասցրել էին սպանել 19 մարդ, Մալիի 5 քաղաքացի, Ռուսաստանի՝ 6, Չինաստանի 3, Բելգիայի 2, մեկական Միացյալ Նահանգների, Սենեգալի եւ Իսրայելի քաղաքացիների: Մալիի նախագահը հայտնել է, որ ներկայումս երկրում անվտանգության նոր միջոցներ են ձեռնարկվում.

«Նախկինում մենք չէինք խոչընդոտում մարդկանց տեղաշարժին եւ ապրանքների ազատ շրջանառությանը, սակայն, այժմ դա վերանայվում է»:

Իսլամական Մաղրիբի Ալ Քաիդա կոչվող ահաբեկչական կազմակերպությունն արդեն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ահաբեկչության հետաքննությանը մասնակցում է միջազգային փորձագետների խումբ, սակայն, մասնագետների կարծիքով, ահաբեկիչների գլխավոր նպատակը Մալիում վախի մթնոլորտի ստեղծումն էր:

XS
SM
MD
LG