Մատչելի հղումներ

Վաշինգտոնում անցկացվեց հայկական բարեգործական համերգ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը, որի հասույթն ուղղվելու է Վանաձորի մեծահասակների տանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը, որի հասույթն ուղղվելու է Վանաձորի մեծահասակների տանը:

Ամերիկահայ անվանի արվեստագետ եւ դաշնակահար Շահան Արծրունին ելույթ ունեցավ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը՝ բացելով բարեգործական համերգների շարքը: Համերգի շրջանակներում Արծրունին հանդես կգա Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Բոստոնում եւ Ֆիլադելֆիայում: Համերգներից հավաքված ամբողջ հասույթը փոխանցվելու է Վանաձորում հիմնադրված մեծահասակների տանը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանը նշեց, որ Շահան Արծրունին իր կյանքով եւ աշխատանքով դարձել է արտերկրում հայ մշակույթի դեսպանը.

«Շահան Արծրունին իրապես ճշմարիտ հայրենասեր է եւ հայ մշակույթի իսկական նվիրյալ, այնպես որ պատահական չէ, որ նա բարեգործությամբ է զբաղվում»:

Արծրունին, որը մեծահասակների տան հիմնադիրներից մեկն է, խուսափում է ծերանոց անվանումից: Խորհրդային տարիներից մնացած հանգստյան տներից մեկի վերանորոգված շենքում հիմնադրված մեծահասակների տանը տարեց մարդիկ եւ հաշմանդամներ բնության գրկում կազդուրվում եւ պարզապես խաղաղ կյանք են վայելում: Բարեգործական համերգի կազմակերպիչ, հանձնախմբի պատասխանատու Լուիզա Բաղդասարյանի խոսքով, անհրաժեշտ գումար հավաքվելու դեպքում մեծահասակների տունն ի վիճակի է լինելու եւս 10 մարդ ընդունել, ապահովելով նրանց համար կյանքի արժանի որակ:

Շահան Արծրունին ոչ միայն անվանի դաշնակահար է, այլեւ՝ հայ երաժշտության խոշոր մասնագետ եւ գիտնական, հայկական երաժշտության արմատներին եւ զարգացմանը նվիրված բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: Արծրունին ծնվել է Ստամբուլում, երաժշտություն ուսումնասիրել, սակայն, հայկական երաժշտությամբ սկսել է զբաղվել Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո միայն.

«Գաղափար ունեի, որ հայկական երաժշտություն կա, սակայն, չգիտեի թե ինչ է, միմիայն այստեղ գալուց հետո հասկացա, թե ինչ է հայկական երաժշտությունը»:

Նյու Յորք տեղափոխվելուց հետո երիտասարդ Շահան Արծրունին զբաղվում է չինական երաժշտության ուսումնասիրմամբ եւ հնարավոր է հենց այդ ոլորտում էլ մասնագիտանար, սակայն Նյու Յորքի համալսարանի դասախոսների խորհրդին հետեւելով, նա սկսում է ուսումնասիրել հայկական երաժշտությունը, որին էլ նվիրում է ամբողջ կյանքը.

«Հայկական արյունը երակներիս մեջ է, պարզապես հասկացա, հաղորդվեցա, այնպես որ՝ դյուրին բան էր ինձ համար»:

XS
SM
MD
LG