Միացյալ Նահանգներում նախագահի թեկնածու դառնալու համար Հանրապետական կուսակցության ներսում ընթացող պայքարը վերջին օրերին աչքի էր ընկել մի շարք անսպասելի իրադարձություններով: Հանրապետականների պայքարի առաջատար Դոնալդ Թրամփն իր մրցակից, երկրորդ տեղը զբաղեցնող Բեն Քարսոնին մեղադրել է հիվանդագին անբուժելի բնավորություն ունենալու մեջ: Բանն այն է, որ տարիներ առաջ Բեն Քարսոնը սեփական ինքնակենսագրական գրքում գրել էր, որ երիտասարդ տարիներին խնդիրներ է ունեցել «պաթոլոգիական բնավորության» պատճառով: Թրամփի կարծիքով, պաթոլոգիան անբուժելի է.
«Նրա խոսքով, նա պաթոլոգիական հիվանդություն ունի, իսկ եթե դու պաթոլոգիական հիվանդ ես, դրանից բուժում չկա, պա՞րզ է, չկա»:
Թրամփի խոսքով, իր մրցակիցն այն մարդը չէ, ում կարելի է վստահել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Վերարտադրելով Քարսոնի ինքնակենսագրության մեջ արված հայտարարությունները, Թրամփը պատմում է.
«Նա դանակը վերցրել, ընկերոջ հետեւից էր ընկել ու փորձել դանակն ընկերոջ փորը խրել, բայց դանակը կպել էր գոտուն ու կոտրվել: Դե հերիք է էլի»:
Բեն Քարսոնն այս շաբաթ հասցրել էր նաեւ մեկ այլ պատմության մեջ ընկնել: Նա հայտարարել էր, թե Չինաստանը ներգրավված է Սիրիայի հակամարտության մեջ, ինչը Սպիտակ տան խոսնակի զարմանքն էր առաջացրել.
«Ինձ այդ հայտարարության մասին պատմել էին: Ի՞նչ կարող եմ ասել: Մի քիչ արտասովոր է, իհարկե, երբ խոսնակն ասելիք չունի, սակայն այս դեպքում եւ ասելու բան չունեմ»:
Բեն Քարսոնը սակայն խոստացել է հանրությանն իր խոսքերը ապացուցող նյութեր տրամադրել: Հիշեցնենք, որ երկրորդ տեղը զբաղեցնող Բեն Քարսոնին որպես Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ-ի նախագահի թեկնածու ցանկանում են տեսնել Միացյալ Նահանգների հանրապետականների 24,4 տոկոսը, մինչդեռ առաջատար դիրքը զբաղեցնող Դոնալդ Թրամփին աջակցում են հանրապետականների 24,8 տոկոսը: Հանրապետական թեկնածուի առաջադրումն ավանդաբար տեղի է ունենում ամռանը, իսկ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերի 8-ին: