Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախաձեռնում է աշխարհի խոշորագույն տնտեսական պայմանագիրը


Միացյալ Նահանգները կրկին իրեն է վերադարձնում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատարի դերը: Հաջորդ շաբաթ նախագահ Բարաք Օբաման Ֆիլիպիններում մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովին: Սակայն, եթե նախորդ տարիներին կազմակերպության ուշադրության կենտրոնում էր Չինաստանը, ապա այս տարի իրավիճակը փոխվել է: Այսուհետ տարածաշրջանում օրակարգը թելադրելու է ԱՄՆ-ի նախաձեռնած Միջխաղաղօվկիանոսյան գործընկերության պայմանագիրը, որն իր շուրջ է միավորել 12 երկրների կամ համաշխարհային տնտեսության 40 տոկոսը, համոզված են փորձագետները:

«Ամերիկայի շահերը անբաժանելի են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Հենց այստեղ մեր անվտանգության ոլորտի շահերը համընկնում են մեր տնտեսական շահերի հետ», - ասել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը:

Պայմանագիրը հաջորդ տասնամյակների ընթացքում կոչված է փոխել առեւտրա-տնտեսական հարաբերություններն այս տարածաշրջանում եւ դրանից դուրս մնացած տարածաշրջանի բոլոր երկրներն այժմ փորձում են միանալ պայմանագրին: Չինաստանը, որը նույնպես պայմանագրի մեջ չի ընդգրկվել, երկընտրանքի առջեւ է. մի կողմից այն ցանկանում է միանալ պայմանագրին, մյուս կողմից ցանկանում է համագործակցության սեփական ձեւաչափը ստեղծել:

«Այս իրադրության մեջ Չինաստանն իրեն ոչ ձեռնտու իրավիճակում է զգում եւ փորձում է նոր մարտավարություն մշակել», - ասում է Միջազգային տնտեսության Փիթերսոնի հաստատություն վերլուծաբան Ֆրեդ Բերգսթեն:

Միջխաղաղօվկիանոսյան գործընկերության պայմանագիրը, որը միավորում է 12 երկիր, կոչված է անդամ պետությունների միջեւ հանել մաքսային հարկերի մեծ մասը եւ արտադրության ընդհանուր չափանիշներ ստեղծել բոլոր մասնակիցների համար: Պայմանագրի վավերացման դեպքում Միացյալ Նահանգները հաջորդ մի քանի տասնամյակներում հաստատում է իր առաջատար դիրքը Ասիայում՝ միաժամանակ ապահովելով տարածաշրջանի պետությունների բարգավաճումը:

XS
SM
MD
LG