Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր խոսնակի անունը դեռ անհայտ է


Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում Վաշինգտոնի ամենաազդեցիկ պաշտոններից մեկը՝ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնը միշտ էլ ստանձնել են Ամերիկայի քաղաքական դաշտի հսկաները: Հանրապետական կոնգրեսական Ջեյսոն Չաֆեցի խոսքով, խոսնակի դերի կարեւորությունը հսկայական է.

«Խոսնակը սահմանադրական պահապանն է, որն ապահովում է գործընթացի արդարությունն ու անկողմնակալությունը»:

Ջոն Բեյների հրաժարականից հետո այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն էր Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մքքարթնին, սակայն, վերջինս անսպասելի հրաժարվեց մասնակցել պայքարին՝ հարցականներ առաջացնելով վերլուծաբանների մոտ:

Կոնգրեսի մեծամասնությունը կառավարող Հանրապետական կուսակցության անդամներից շատերը որպես հնարավոր թեկնածու հիշատակում էին 2012 թվականի ընտրություններին Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Փոլ Ռայանին, սակայն, վերջինս հրաժարվում է զբաղեցնել խոսնակի պաշտոնը: Փորձագետների խոսքով, թեկնածուի անվան հետ կապված շփոթության հիմնական պատճառն այն է, որ Հանրապետական կուսակցության պահպանողական եւ կենտրոնամետ թեւերը դեռեւս միմյանց միջեւ չեն պայմանավորվել հնարավոր թեկնածուի վերաբերյալ:

«Իրականում, իրենք էլ չգիտեն, ինչպիսի որոշում կայացնեն», - համոզված է նախկին կոնգրեսական Ուին Վեբերը:

Նախկին կոնգրեսական Ուին Վեբերի կարծիքով, ամենայն հավանականությամբ խոսնակ կդառնա անցումային թեկնածու, որին կփոխեն 2016-ի նախագահական ընտրություններից հետո:

Կոնգրեսում փոքրամասնություն հանդիսացող Դեմոկրատական կուսակցությունն այս վեճերին դիտորդի կարգավիճակով է հետեւում.

«Հանրապետական կուսակցության ներսում պահպանողական փոքրամասնությունն ամենից բարձր է գնահատում իր սեփական ծայրահեղական գաղափարախոսությունը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը:

Ակնհայտ է մեկ բան. մինչ Հանրապետական կուսակցության բոլոր թեւերը չգան ընդհանուր հայտարարի, խոսնակ Բեյները ստիպված է հետաձգել սեփական հրաժարականը:

XS
SM
MD
LG