Մատչելի հղումներ

Օբամա. Ամերիկայի հաջողության գաղտնիքը որակյալ կրթությունն է


«Այստեղ հավաքվածների նման ուսանողները, կրթություն ստանալով, լավագույն ներդրումն են կատարում ոչ միայն սեփական ապագայի, այլեւ՝ երկրի ապագայի մեջ: Եթե դուք ձեր կողմից քրտնաջան աշխատում եք, կրթություն ստանում, ապա արդեն մեր խնդիրն է երաշխավորել, որ այդ քրտնաջան աշխատանքը համապատասխան պարգեւատրվի:

Կրթությունը միշտ եղել է այն գաղտնի հաղթաթուղթը, որն ապահովել է Ամերիկայի հաջողությունը: Ավելի քան 150 տարի առաջ Աբրահամ Լինքոլնն Ամերիկայի ամբողջ տարածքով մեկ հիմնադրել է նահանգներից օգնություն ստացող քոլեջները: Մոտ 100 տարի առաջ մենք սկսեցինք ագրարային, ֆերմերային տնտեսությունը արդյունաբերական տնտեսությամբ փոխարինել եւ դարձանք աշխարհի առաջին երկիրը, որը յուրաքանչյուր երեխայի համար, անկախ նրա ընտանիքի եկամուտի չափից, երաշխավորեց միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը:

Գտնվելով առաջընթացի առաջին շարքում, մեզ հաջողվեց ամենակիրթ աշխատուժ ունեցող երկիրը լինել, ինչն էլ նպաստեց թե տնտեսությանը ու թե գործարարությանը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո պատերազմից վերադարձող հերոսներին մեր երկիրը բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տվեց եւ հետպատերազմյան տարիներին կրթության մեջ ներդրում կատարելով՝ դարձավ աշխարհի ամենաորակյալ կրթություն ունեցող երկիրը: Նաեւ դրա արդյունքում մեզ հաջողվեց խոշորագույն եւ հզորագույն միջին դաս ստեղծել եւ դուք կարող եք ձեզ ապահով զգալ, իմանալով, որ եթե դուք քրտնաջան աշխատել եք, դուք հնարավորություն կունենաք լավ աշխատանք գտնել, տուն գնել, ընտանիք կազմել եւ երեխաներին որակյալ կրթություն տալ»:

XS
SM
MD
LG