Մատչելի հղումներ

Օբաման այցելել է դաշնային բանտ


Բարաք Օբաման դարձավ դաշնային որեւէ բանտ այցելած ԱՄՆ-ի պատմության մեջ այս երկրի առաջին նախագահը։ Այցն իրականացվել է Ամերիկայի թանկ ու ծանրաբեռնված ուղղիչ կենտրոնների համակարգը բարեփոխելու շրջանակներում։ Հինգշաբթի օրն Օքլահոմայի բանտ իրականացված այցի ընթացքում Օբաման հանդիպել է ոչ միայն բանտի ծառայողներին, այլ նաեւ հանդիպումներ է ունեցել կալանավորների հետ։

Օքլահոմայի Էլ Ռենոյի միջին անվտանգության տղամարդկանց ուղղիչ հաստատությունում Օբաման նկատել է, որ բանտարկյալներից շատերը երիտասարդներ են։

՝՝Այստեղ կան երիտասարդ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, սխալներ, որոնք երբեմն այնքան էլ չեն տարբերվում իմ կամ երիտասարդ այլ անձանց կողմից թույլ տրված սխալներից։ Տարբերությունը միայն այն է, որ նրանք չեն ունեցել իրենց աջակցելու համար կառույցների հնարավորություն, մարդիկ որոնց չի տրվել իրենց սխալներն ուղղելու երկրորդ հնարավորություն՛՛, ասել է նա։

Նախագահի խոսքերով, հիմնականում թմրանյութերի հետ կապված մեղադրանքների արդյունքում ընդունվել են խիստ պատիժների մասին դատավճիռներ, ինչի արդյունքում 198Օականներից ի վեր երկրում կրկնապատկվել է կալանավորների թիվը։

Ամերիկայի բնակչությունը կազմում է ամբողջ աշխարհի բնակչության 5 տոկոսը միայն, սակայն կալանավորների թվով Ամերիկային բաժին է հասնում աշխարհի կալանավորների 25 տոկոսը։
Օբաման գտնում է, որ զանգվածային ազատազրկման եղանակով հանցագործությունների թիվը կրճատելու մոտեցումը ամենեւին գիտիակից մոտեցում չէ։

՝՝Մեզ համար շատ հաճախ սովորական է այն, ինչ տեսնում ենք ու հաճախ չենք նկատում։ Սովորական է թվում, որ մեծաթիվ երիտասարդներ են իրենց կյանքն անցկացնում ուղղիչ հաստատություններում։ Իսկ սա բնական ու սովորական չէ։ Այդպես չէ այլ երկրներում։ Բայց բնական է ու ոչ անսովոր, որ անչափահասները երբեմն հիմարություններ են անում՛՛։

ԱՄՆ-ի բանտերն ամեն տարի պետական բյուջեից 8Օ միլիարդ դոլար են ծախսում։ Եվ Օբաման այժմ հորդորում է Կոնգրեսին մինչեւ տարեվերջ ընդունել դատական որոշումների շուրջ բարեփոխություններ անցկացնելու մասին նախագիծ՝ կրճատելու համար ոչ բռնի հանցագործությունների համար խիստ պատիժները ու բարելավելու համար վերականգնողական ծրագրերը, հատկապես հանցագործություններից երիտասարդներին հետ պահելու նպատակով դաստիարակչական ծրագրերը։

XS
SM
MD
LG