Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվեցին մինչեւ երկուշաբթի


Իրանն ու աշխարհի խոշորագույն վեց երկրներն ուրբաթ օրը համաձայնվեցին մինչեւ եկող երկուշաբթի օրը հետաձգել միջուկային հարցերով համաձայնագրի կնքումը։ Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երրորդ նման հետաձգումն էր։ Հիշեցնենք, որ Թեհրանն Արեւմուտքին մեղադրում է գործարքի ՝՝նժարին նոր ծանրություն՛՛ դնելու մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, թե Արեւմուտքը առաջ է քաշում չափից մեծ պահանջներ։

Կողմերը հայտարարում են, թե անցած երկու շաբաթների ընթացքում գրանցվել է առաջընթաց, սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդի խոսքերով, ՝՝արագությունը չափազանց դանդաղ է՛՛։

ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության պաշտոնատար անձինք հայտարարել են, թե երկարաձգվում է նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու մասին համաձայնագիրը, ինչը վերջնական գործարք կնքելու համար կտա հավելյալ ժամանակ։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 12 տարի շարունակվող հակասությունները։ Կողմերը դեռեւս չեն կարողանում լիակատար համաձայնության գալ մի շարք, այդ թվում՝ Իրանի հետ զենքի առեւտրի վրա ՄԱԿ-ի կողմից դրված պատժամիջոցների հարցում։

Այսպիսով բանագնացները բաց թողեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ներկայացված վերջնաժամկետը, եւ այժմ մինչեւ սեպտեմբերի 7-ը կնքվելիք որեւէ գործարք Կոնգրեսի կողմից ուսումնասիրվելու համար կպահանջի ոչ թե 3Օ, այլ՝ 6Օ օր։

XS
SM
MD
LG