Մատչելի հղումներ

Հունաստանին տվել են երկու օր


Այս հինգշաբթի Հունաստանը պարտավորվել է եվրագոտու եւ Եվրամիության մյուս անդամ պետություններին ներկայացնել պարտքերի մարման եւ երկրում տնտեսական իրավիճակի բարելավման ծրագիրը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Թասքի հրավերով կազմակերպված գագաթնաժողովից հետո հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Միեւնույն ժամանակ նա վաղաժամ է համարել որեւէ կանխատեսումները.

«Ես դեռ պետք է տեսնեմ, թե ինչ չափով է Հունաստանի կառավարությունը պատրաստ կարգավորել այս խնդիրը՝ փակելով ֆինանսական ճեղքերը եւ մարտահրավերների դեմն առնելով»:

Մերկելի խոսքով, Հունաստանում անցած հանրաքվեն ոչ միայն կապել է այդ երկրի կառավարության ձեռքերը, այլեւ՝ եվրագոտու մյուս 18 անդամ երկրներին զրկել է ճկուն մոտեցման հնարավորությունից: Այժմ իր խոսքով Եվրամիության երկրները Հունաստանից ակնկալում են ստանալ հնարավորին չափ պարզ եւ թափանցիկ ծրագիր, որը նրանց կհամոզեր Աթենքի պատրաստակամության մեջ.

«Արդյոք մենք համոզվա՞ծ ենք, թե Հունաստանն ի վիճակի է կարգավորել այս խնդիրները. առ այժմ ես այդպես չէի ասի»:

Իր կողմից, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Թասքն ասաց, որ եվրագոտու իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ապահովվի գոտու ֆինանսական կայունությունը, քանի որ խնդիրը մարտահրավեր է բոլոր անդամ պետությունների համար.

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից այս խնդիրն ազդելու է ամբողջ Եվրոպայի վրա ու եթե որեւէ մեկը կարծում է, որ դա այդպես չէ, նա միամիտ է»:

Միեւնույն ժամանակ, Հունաստանին ուղվեց պարզ ազդանշան, որ եվրագոտու մյուս անդամ պետությունները չեն պատրաստվում ոչ կրճատել պարտքի չափը, ոչ էլ՝ անվերջ սպասել.

«Վերջնաժամկետն ավարտվելու է այս շաբաթ»:

Կիրակի, հուլիսի 12-ին եվրագոտու եւ Եվրամիության երկրները եւս մեկ գագաթնաժողովի կհավաքվեն, որտեղ եւ նախատեսվում է վերջնական որոշում ընդունել Հունաստանի վերաբերյալ:

XS
SM
MD
LG