Մատչելի հղումներ

Ամերիկյան Վերլուծաբան. ElectricYerevan-ն ապացուցեց, որ Հայաստանում առկա է որոշակի բազմակարծություն


Jeff Mankoff

«Ամերիկայի Ձայնի» բացառիկ հարցազրույցը Ռազմավարական եւ Միջազգային Հետազոտությունների Կենտրոնի (CSIS) Ռուսաստանի եւ Եվրասիայի Ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանկոֆի հետ:

Չնայած նախագահ Սարգսյանի առաջարկին, ցուցարարները չեն հեռացել, այդյո՞ք դա նշանակում է, որ սոսկ էլեկտրաէներգիայի սակագինը չէր բողոքի պատճառը:

Անշուշտ, բողոքի պատճառը կոռուպցիան էր: Ինչպես երեւում է, ընկերությունը խոշոր գումարներ էր ծախսում, ինչը եւ պարտքեր առաջացրեց ու ստիպեց բարձրացնել գները: Այսպիսով, նույնիսկ երբ նախագահը որոշեց հետաձգել գների բարձրացումը, հիմնարար պատճառը, որը մարդկանց փողոց հանեց եւ որը կայանում է թերի կառավարման եւ կոռուպցիայի դեպքերից մարդկանց դժգոհության մեջ, այդ պատճառը չի վերացել ու թեեւ բողոքի կայծն առաջացրեց գների բարձրացումը, հրդեհի համար բավականաչափ վառելիք դեռեւս մնում է:

Հայաստանում տեղի ունեցածն արդյոք քաղաքական ճգնաժա՞մ էր: Եթե այո, ապա իշխանություններն ինչպե՞ս այն հաղթահարեցին:

Ես եղածը փոքր տրամաչափի քաղաքական ճգնաժամ կանվանեի: Ամեն անգամ, երբ փողոցներում մեծ թվով ցուցարարներ են հայտնվում, կարող ենք խոսել խնդրի առկայության մասին: Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի հարեւան պետություններում տեղի ունեցածը, Հայաստանի իշխանություններն ունեին բոլոր հիմքերը ենթադրելու, որ այս կարող է ավելի խոշոր խնդրի վերաճել, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Դրան գումարած, համքզված եմ, որ Հայաստանի իշխանություններն ականատես էին, թե Յանուկովիչի կառավարությունն ինչպես փորձեց պայքարել Մայդանում բողոքների դեմ: Հայաստանի իշխանությունները ցուցարարների նկատմամբ ծայրահեղ ճնշումներ չեն ձեռնարկել:

Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ այս իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի իրավիճակի վրա: Դուք նման հնարավորություն կանխատեսո՞ւմ եք, հաշվի առնելով նաեւ 2016-ին սպասվող նախագահական ընտրությունները:

Որոշ ազդեցության մասին կարելի էր խոսել այն դեպքում, եթե տեղի ունենար իրավիճակի սրում, ինչը չի նկատվել: Այս պահին կարծես թե բողոքը հիմնականում կենտրոնացված է Երեւանում եւ հիմնականում երիտասարդների շրջանում՝ դա Հայաստանի ամբողջ բնակչությունը չէ: Ու թեեւ այս բողոքների արդյունքում երկիրը կարող է այլ քաղաքական ապագա ունենալ, եթե չկա որեւէ մեկը, որ կօգտագործեր այս պահը եւ ուղղեր այս էներգիան դեպի քաղաքական դաշտ, ինչն ի դեպ տեղի չի ունեցել, կարծում եմ, ամեն ինչ կմնա ներկա վիճակում:

Սա առաջին խոշոր բողոքն էր, որի մասնակիցները կազմակերպվեցին սոցիալական ցանցերի միջոցով: Արդյոք դա փոփոխությունների խորհրդանիշ չէ՞:

Կրկին անգամ կրկնեմ, որ դրա մեջ կար սերնդի խնդիր: Հայաստանում, ինչպես նաեւ շատ այլ տեղերում, սերունդ է գալիս, որն անհամեմատ ավելի լավ է իրեն զգում առցանց տարածքում, սոցիալական ցանցերում: Դրա հետ միասին սակայն, բողոքի հիմնական պատճառը որպես այդպիսին կապ չունի ինտերնետի կամ սոցիալական ցանցերի հետ, այլ կապված է կոռուպցիայի, աղքատության եւ թերի կառավարման հետ: Դրանք խնդիրներ են, որոնք անհանգստացնում են մարդկանց՝ անկախ ինքնակազմակերպման ձեւերից: Բանն այն է, որ սոցիալական ցանցերում իրենց լավ զգացող մարդկանց մեծաթիվ խմբի առկայությունը թույլ տվեց այդ բողոքն ավելի արագ տարածել, քան դա տեղի կունենար առանց ցանցերի:

Որոշ մեկնաբաններ մեղադրեցին Արեւմուտքին զգուշության մեջ՝ Հայաստանի իրադարձությունները մեկնաբանելիս: Դուք կիսո՞ւմ եք այդ քննադատական վերաբերմունքը:

Կարծում եմ, Արեւմուտքի կողմից արված մեկնաբանությունները բավարար էին. Դրանք երկու կողմին էլ կոչ արեցին զերծ մնալ բռնությունից, որը մինչ այս պահը հիմնական պահանջն է եղել: Կարծում եմ Արեւմուտքում մարդկանց մի մասի մոտ կա միտում նախկին խորհրդային տարածքում ցանկացած հակաիշխանական իրադարձությունների նայել Սառը պատերազմի ակնոցների միջով, դիտարկելով դրանք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու տեսանկյունից: Անշուշտ, այդ իրադարձությունները կարող են դրանց վերածվել, եւ Ուկրաինայի դեպքում այդ իրադարձությունները հենց այդպիսիք էին, սակայն այս պահին չեմ կարծում որ Հայաստանի իրադարձությունները դրան են տանում: Կարծում եմ, նման գլոբալ քաղաքական խնդիրների ներարկումը տեղական իրադարձության մեջ կլինի ոչ արդյունավետ, ավելին՝ կարող է սրել իրավիճակը: Մի երկրում, որտեղ Արեւմուտքը չունի մեծ ազդեցություն եւ չունի գործողությունների մեծ ընտրություն, դա կարող է թանկ հետեւանքների բերել:

Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցներ փորձեցին առաջ մղել այն միտքը, թե իբր բողոքները կազմակերպված են եղել Արեւմուտքի ուժերի կողմից: Նման լուսաբանման նպատակը ո՞րն էր:

Կարծում եմ, այն նպատակ ուներ առաջին հերթին վարկաբեկել ցուցարարներին: Ակնհայտ է, որ Կրեմլը շատ անհանգստացած է, հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցածը, ենթադրելով, որ նույն սցենարը կարող է կիրառվել նախկին Խորհրդային Միության մեկ այլ երկրում, որն այժմ մնում է Ռուսաստանի ազդեցության տակ: Այսպիսով, եթե նրանք կարող են հայ ցուցարարներին պատկերել որպես Արեւմուտքի գործակալներ եւ արտերկրի ազդեցության գործիքներ, նրանք անպայման կփորձեն հեղինակազրկել ցուցարարներին:

Կարծում եմ, դա նաեւ Ռուսաստանի ներքին քաղաքականության մասն է, քանի որ, ռուսաստանյան էլիտայի շատ ներկայացուցիչների համար բարդ է պատկերացնել, որ նման բողոքները, անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում եւ հատկապես եթե դրանց սկսվում են նախկին Խորհրդային Միության տարածքում, ինքնաբուխ են: Նրանց դժվար է պատկերացնել, որ քաղաքացիները տարերային կերպով ոտքի են ելնում կոռուպցիայի եւ թերի կառավարման դեմ, եւ փոփոխություններ պահանջում: Նրանք այս ամենը դիտարկում են միայն Սառը պատերազմի ակնոցներով:

Այսպիսով, եթե նրանք կարող են մեղադրել Արեւմուտքին՝ Հայաստանում այդ բողոքները կազմակերպելու մեջ, ապա դա որոշ չափով նրանց թույլ է տալիս իրենցից մեղքը հանել, որովհետեւ, չմոռանանք, որ ծառայություններ տրամադրող էլցանցերը, որոնք եւ պահանջում էին բարձրացնել հոսանքի գինը, ռուսական էլեկտրական հսկայի մասնաճյուղն են: Այսպիսով, այս ամենը կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետ, սակայն, եթե ռուսաստանյան մամուլը, ռուսաստանյան էլիտան կարող են այդ իրադարձությունները ներկայացնել որպես Արեւմուտքի կողմից կազմակերպված, նրանց պետք չէ պատասխանատվություն վերցնել, նրանց անհրաժեշտ չէ փոխել ավանդական գործելաոճը:

Որո՞նք են այդ բողոքների հնարավոր հետեւանքները:

Նախկին խորհրդային տարածքում այլ երկրների համեմատ՝ Հայաստանում առկա է գոնե որոշակի բազմակարծություն, այնպես որ, քաղաքական ուժերը, կարծում եմ, կփորձեն օգուտ քաղել այս բողոքներից նախագահական ընտրություններից առաջ: Այսպիսով, եթե չլինի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան եւ ցուցարարների դեմ չափազանց մեծ ճնշումներ չլինեն, կարծում եմ հնարավոր է, մի քանի շաբաթվա ընթացքում գոլորշին դուրս գա: Բողոքներն անշուշտ որոշ խորը սոցիալական սրումների նշան են հանդիսանում, սակայն, չեմ կարծում ինքն իրենով ElectricYerevan շարժումն ունենա լուրջ քաղաքական ազդեցություն: Միեւնույն ժամանակ, եթե փորձ արվի կտրուկ լարել իրավիճակը, ինչպես դա եղավ Ուկրաինայում 2013-2014-ին, ապա գործընթացի արմատականացում կարող է տեղի ունենալ. կավելանա փողոց դուրս եկող մարդկանց թիվը եւ Հայաստանն իրական լայնածավալ քաղաքական ճգնաժամում կհայտնվի:

Այդ դեպքում դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան գործընթացի վրա:

Բարդ է կանխագուշակել: Կարծում եմ, եթե Երեւանում իշխանությունները ծանր վիճակում հայտնվեն, ապա դրանք կարող են փորձել հրահրել որեւէ լարում Ղարաբաղում, որպեսզի համախմբեն ժողովրդին ընդհանուր թշնամու վտանգի եւ վերականգնեն իրենց լեգիտիմությունը: Հենց այդ մոտեցումն ենք տեսնում Ռուսաստանում, որտեղ 2011-2012-ին Պոըտինի դեմ լուրջ ընդդիմության հայտնվելուն պես, կտրուկ պտույտ կատարվեց դեպի ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ որպես ներքին լարվածության թուլացման միջոց: Կարծում եմ, նման հետեւանքներ հնարավոր են նաեւ Հայաստանում:

XS
SM
MD
LG