Երեւանի Բաղրամյան պողոտայում հավաքվածները հայտնում են, որ հանրության երեք պահանջներից որևէ մեկը դեռեւս չի կատարվել, և որ իրենք շարունակելու են պայքարը: Ավելի ուշ մի խումբ քաղաքացիներ իրազեկման երթի են դուրս եկել։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավելի վաղ հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման բեռը չի դրվելու բյուջեի վրա։ Նրա խոսքերով, գործող սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Հայաստնաի կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը: Ըստ «Արմենպրես»-ին հասած տեղեկատվության, կառավարությունը նման որոշում է կայացրել՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: