Մատչելի հղումներ

ԱՄՆ դեսպանը կոչ արեց բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից


Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և դրան հաջորդած բողոքի ալիքին, «Առաջին լրատվական»-ին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը:

Նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված էր ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան անհամաչափ ուժի կիրառման եւ լրագրողներին որպես թիրախ ընտրելու կապակցությամբ, դեսպանը ողջունեց Հայաստանի իշխանությունների կողմից հաջորդ օրն իսկ քննություն ձեռնարկելու որոշումը.

«Այդ քննությունը պետք է լինի թափանցիկ ու անկողմնակալ, և մենք կսպասենք արդյունքներին»:

Հիշեցնենք, որ քննություն անցկացնելու կոչերով ՀՀ իշխանություններին դիմել էին նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարը, Լրագրողներ առանց սահմանների, Freedom House կազմակերպությունները եւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Միեւնույն ժամանակ, դեսպան Միլսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի արտգործնախարարի հայտարարության առնչությամբ, ով վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ:

Նշենք, որ «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում Ժողովրդավարության եւ Մարդու Իրավունքների գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին նշել է, որ առանց ցույցերի եւ վեճի բովանդակությունը մեկնաբանելու, կարող է նշել, որ Հայաստանում, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրում, մարդիկ պետք է ունենան ազատ եւ խաղաղ հավաքների իրավունք.

«Մենք հավատում ենք, որ մարդիկ պետք է ունենան ազատ հավաքներ կազմակերպելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունք եւ կոչ ենք անում իշխանություններին մարդկանց դա թույլ տալ այնքան ժամանակ, քանի դեռ այն արտահայտվում է խաղաղ ճանապարհով»:

Ցույցերի խաղաղ բնույթի անհրաժեշտության մասին խոսել է նաեւ դեսպան Ռիչարդ Միլզը, որի կարծիքով ցուցարարները նույնպես ունեն իրենց պարտականությունները

«Կարևոր է, որ բոլոր կողմերը՝ իշխանությունները, ոստիկանությունը, ցուցարարները, զերծ մնան բռնություններից, ապահովեն հասարակական կարգը և միմյանց վերաբերվեն փոխադարձ հարգանքով»:

Դեսպանն ընդգծել է, որ Երեւանում տեղի ունեցող բողոքներին Միացյալ Նահանգների որեւէ ներգրավվածություն չկա, այլ այն ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից:

XS
SM
MD
LG