Մատչելի հղումներ

«Հայկական Մայդան». Ռուսաստանում խեղաթյուրվում է հայերի խաղաղ բողոքը


Վերջին օրերին Ռուսաստանյան լրատվամիջոցներին հետեւող հայաստանցիները զարմանքով բացահայտեցին, որ Երեւանի կենտրոնում քաղաքացիների բողոքն իրականում ոչ թե ինքնաբուխ է, այլ Արեւմուտքի կողմից կառավարվող, իսկ դրա մասնակիցները ոչ թե խաղաղ ցուցարարներ, այլ՝ զինված հանցագործներ:

Ռուսաստանի պետականամետ լրատվամիջոցների կարծիքով՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մեծ տարածքն ապացույց կարող է հանդիսանալ այն բանի, որ էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքները հրահրվել էին հենց այդ դեսպանատնից, իսկ այն փաստը, որ ամերիկյան եւ եվրոպական երկրների դեսպանատները կոչ են արել Հայաստանի իշխանություններին հետաքննություն անց կացնել ուղղակիորեն Արեւմուտքի մեղսունակության վկայականն է: «Ո՞ւմ է պետք հսկայական ներկայացուցչություն մի երկրում, որի բնակչությունն ընդամենը երեք միլիոն է» հարց է տալիս Ռուսաստանի պետական հեռուստաալիքի աշխատակիցը եւ ինքն էլ պատասխանում՝ խնդիրը ռազմավարական է եւ բողոքն անհրաժեշտ է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից, իսկ գների թանկացումն ընդամենը առիթ է:

Հիշեցնենք, որ թե բողոքի մասնակիցները եւ թե Սփյուռքում բնակվող բազմաթիվ անվանի հայեր կոչ են արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացներ հայ երիտասարդների խաղաղ բողոքը:

Բողոքի խաղաղ բնույթը սակայն Ռուսաստանի իշխանական ալիքներում կասկածի տակ է դրվում: Այսպես, Ռոսիա հեռուստաալիքի հավաստմամբ, Բաղրամյանի պողոտայում եւ Ազատության հրապարակում գտնվող հայ ցուցարարները զինված են եղել դանակներով եւ երկաթե մահակներով, ինչը ստիպեց ոստիկաններին ուժ կիրառել: Քաղաքագետ եւ ՌԴ Հանրային Խորհրդի կարկառուն անդամ Սերգեյ Մարկովն էլ հայտնել էր, թե Ուկրայինայից արդեն Հայաստան են ժամանել բազմաթիվ զինյալներ, որոնք թաքնվել են Երեւանի կենտրոնում՝ հայ ցուցարարների շրջանում:

Իրենց հերթին, երեւանաբնակ սակայն ավանդաբար մոսկվայամետ վերլուծաբաններն արդեն բարդ դավադրություններ են նախագծում, ըստ որոնց բողոքի ակցիաներում մասնակցող հայ ժողովուրդը, բացարձակապես զրկված լինելով սեփական կամքից, ուղղակիորեն կառավարվում է արտերկրից:

Կրքերը փոքր-ինչ թեժացրել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը, ով սոցիալական ցանցի իր անձնական էջում հայերին ուղղված գրառում էր կատարել, որը սկսվում էր «Իմ թանկագին Հայաստան» բառերով: Մոսկվայում դրան արձագանքեցին բավականին նյարդայնացած, կոչ անելով Հայաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ ավելի կոշտ գործել: Նախորդ օրվա միջադեպիս հետո սակայն Հայաստանի իշխանությունները զսպվածություն են ցուցաբերում, ինչը հույս է ներշնչում, որ Սերգեյ Մարկովի կարգի ռուսական գործիչների՝ Երեւանի փողոցներում արյուն թափվելու վտանգի մասին կանխատեսումները չեն իրականանա:

XS
SM
MD
LG