Մատչելի հղումներ

Հայաստանը փոխառում է Ռուսաստանի դաժան փո՞րձը


Հայաստանում էլեկտրաէներգիայի գների թանկացման դեմ ուղղված բողոքը հանգեցրեց բռնության լուրջ ալիքի քաղաքացիների նկատմամբ:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին եւ լրագրողների վրա կատարված հարձակումներին՝ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրն ընդգծում է, որ Հայաստանի համար նման իրավիճակն աննախադեպ է.

«Մենք ցնցված ենք լրագրողների դեմ իրականացված բռնության աստիճանով, որն աննախադեպ է Հայաստանի համար 2008 թվականից ի վեր»:

Բիրի խոսքով, Հայաստանում ազատ խոսքի հետ կապված իրավիճակը հատկապես վատթարացել է վերջին ամիսներին, ակամա գայթակղություն առաջացնելով տեղի ունեցած աննախադեպ բռնությունը կապել Հայաստանի՝ Եվրասիական Միություն մուտք գործելու հետ.

«Ու թեեւ այս պահին դրա ստույգ ապացույցները չկան, Եվրասիական Միության հետ սերտ հարաբերություններ հաստատած բոլոր երկրներում հիմնարար ազատությունների դեմ ոտնձգություններ են կատարվում»:

Ներկայացնելով իրադարձությունների պատմությունը, «Ամերիկայի Ձայնի» հետ հարցազրույցում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը պատմում է, որ նախորդ գիշեր ոստիկանությունը փորձել է մեկուսացնել լրագրողներին, որից հետո նախատեսում էր ցրել ցուցարարներին.

«Մեր հաշվարկներով, 11 լրագրող բերման են ենթարկել, 8 լրագրող ենթարկվել է հարձակման»:

Վարդանյանի խոսքով, սակայն, վերջին տասը տարիների ընթացքում ոստիկանների եւ լրագրողների հարաբերություններն անհամեմատ բարելավել էին եւ տեղի ունեցածը, հնարավոր է, եզակի ընդհարում էր:

Լրագրող, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանն ընդգծում է, որ տեսաձայնագրող սարքավորումներով հագեցված դարում հնարավոր չէ լրագրողների տեսախցիկները մեկուսացնելով որեւէ բան թաքցնել: Չտեսնելով անմիջական կապ Եվրասիական Միության մուտք գործելու եւ Հայաստանի իրավապահների կողմից կիրառված բռնություն կիրառելու միջեւ, Խառատյանը նշում է, որ անուղղակի կապ այնուամենայնիվ գոյություն ունի.

«Կարծես թե չգրված օրենք է դարձել այն, որ Եվրասիական Միության տարածքում բողոքի հանրահավաքներ պետք է տեղի չունենան»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ամերիկյան Վաշինգտոն Փոստ օրաթերթը հիշեցնում է, որ ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի տնտեսական կարեւոր մի շարք ակտիվներ, այդ թվում՝ երկրի էլեկտրացանցը, որի գների բարձրացման պատճառով էլ սկվսել էին բողոքի ցույցերը Հայաստանում։ Հայաստանի մեր բոլոր զրուցակիցները հույս հայտնեցին, որ իրավիճակը կընթանա խաղաղ ճանապարհով եւ հետագա բախումներ այլեւս տեղի չեն ունենա:

XS
SM
MD
LG