Մատչելի հղումներ

Ամերիկյան վերլուծաբան. Էրդողանը կարող էր Նոբելյան մրցանակ ստանար


Թուրքիայի նախագահ Էրդողանն ուներ աննախադեպ հնարավորություն եւ կարող էր օգտագործելով Հայոց ցեղասպանության 100-ամյակը ձեռք մեկնել հայերին, սակայն կորցրեց այդ հնարավորությունը, կարծում է փորձառու դիվանագետ, Ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերին:

Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն աննախադեպ են, կարծում է Ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդի վերլուծաբան, տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող Ուեյն Մերին: Իր խոսքով, Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը ընդլայնելու է Թուրքիայի քաղաքական համակարգը.

«Այս ընտրությունները արտակարգ կարեւորություն ունեն եւ շրջադարձային կետ կարող են դառնալ Թուրքիայի պատմության մեջ»:

Վերլուծաբանի կարծիքով, քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կարողացավ հաղթահարել 10 տոկոսի շեմը ոչ միայն քրդերի եւ Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների, այլեւ հենց թուրքերի մի մասի ձայնի շնորհիվ.

«Այսպիսով, քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետք է դիտարկել ավելին քան քրդական կուսակցություն, այն անհրաժեշտ է դիտարկել որպես առաջադիմական կուսակցություն»:

Կարնեգի Հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալը համոզված է, որ քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը վերջ կդնի Թուրքիան նախագահական երկիր դարձնելու Էրդողանի ցանկությանը: Ուեյն Մերիի կարծիքով, սակայն, քաղաքականության մեջ անհնար ոչինչ չկա եւ Թուրքիայի նախագահը դեռ չի հրաժարվել իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ցանկություններից.

«Պարոն Էրդողանը բազմիցս է ապացուցել, որ նա համառ, վճռական, փառասեր եւ անսկզբունքային քաղաքական գործիչ է եւ նա անշուշտ կփորձի իր ծրագրերին հասնել այլ ուղիներով»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը դժվար թե լուրջ փոխի Անկարայի արտաքին քաղաքականությունը: Ըստ փորձագետի, Հայոց ցեղասպանության հարյուրամյակը Էրդողանին հնարավորություն էր ընձեռում հայերին ձեռք մեկնել եւ մտնել պատմության մեջ.

«Միանշանակ, Ցեղասպանության հարյուրամյակը Թուրքիային աննախադեպ հնարավորություն էր ընձեռում քայլ կատարել ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ, եւ այդ քայլը հսկայական խորհուրդ կունենար: Կարծում եմ, Էրդողանը Նոբելյան Մրցանակի թեկնածու կարող էր դառնալ, եթե այդ քայլն աներ, սակայն նա որոշեց չանել այդ քայլը»:

Երեւանի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է կատարել ոչ թե արմատական քայլեր, որոնք ապագայում բարդ կլինի իրականացնել, այլ փոքր քայլերով առաջ շարժվել, օրինակ, սկզբում բացել Երեւանում եւ Անկարայում շահերի ներկայացչություններ եւ կոնֆիդենցիալ բանակցություններ սկսել:

XS
SM
MD
LG