Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի թուրքերը հաշտության կողմնակից են, սակայն չեն խոսում ցեղասպանության ճանաչման մասին


Վաշինգտոնում ապրիլի 24-ին հավաքվել էր ոչ միայն հայ, այլև՝ թուրք համայնքը:

Միացյալ Նահանգների թուրքական համայնքը Սպիտակ տան մոտ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում միասնության կոչեր էին հնչում։ Կազմակերպիչների խոսքով, իրենք փորձում են երկխոսություն ու փոխգործակցություն սերմանել:

«Ամերիկայի թուրք համայնքը նոր մոտեցումների կողմնակից է»,- ասում էին նրանք:

Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Գյունայ Էվինչի խոսքով, Միացյալ Նահանգներում բնակվող թուրքերը ցանկանում են ամեն կերպ աջակցել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը: Իրական հաշտեցումը, հավատում է Էվինչը, խաղաղ բանակցությունների մեջ է.- «Սա խաղաղ երթ է և մենք հրավիրում ենք բոլորին մասնակցել մեզ հետ այս երթին»:

Հաշտեցման մասին խոսելիս՝ միջոցառման մասնակիցները սակայն չեն ցանկանում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որից հետո միայն, ըստ հայ համայնքի, հնարավոր է իրական հաշտեցում Թուրքիայի հետ:

Միջոցառմանը ներկա նախկին կոնգրեսական Սոլոմոն Օրթիզը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի երկու ժողովուրդների հաշտեցման գործում։

«Ես հավատում եմ Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցմանը, երբ ժողովուրդներն ի վիճակի են միմյանց հետ խոսել, դա հույս է ներշնչում»,- ասաց նա։

Երթի մասնակիցների խոսքով, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի ապագան կրկին բարեկամությամբ լցվի.- «Մենք ցանկանում ենք հաշտեցման հասնել, ինչի համար մեզ անհրաժեշտ է միասին քննարկել մեր հաջորդ 100 տարվա ապագան»:

Մեկ օր առաջ նույն տեղում մոմավառություն էին կազմակերպել Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք պահանջում էին ճանաչել և դատապարտել 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք նաև, որ «Նյու Յորք Թայմս» թերթը հրաժարվել է տպագրել այս երթի տեղեկատվական գովազդը՝ բացատրելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Հոլոքոստը, Միացյալ Նահանգներում ստրկատիրական համակարգը կամ Հայոց ցեղասպանությունը հերքող գովազդներ թերթում երբեք չեն հրապարակվելու:

XS
SM
MD
LG